Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Reuters

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի կոտորածը որպես ցեղասպանության ակտ: Այս մասին գրում է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը։

Քայլը խորհրդանշական է լինելու, բայց կնշանակի Սպիտակ տան կողմից տասնամյակներ շարունակ խնամքով ճշգրտված ուղուց կտրվել։

Բայդենը, ամենայն հավանականությամբ, մտադիր է օգտագործել «ցեղասպանություն» բառը որպես ապրիլի 24-ին հայտարարության մաս։

«Իմ ընկալումն այն է, որ նա որոշում է կայացրել և կիրակի օրը իր հայտարարության մեջ օգտագործելու է ցեղասպանություն բառը», -հայտնում են Reuters-ի աղբյուրները։

Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ երկկողմ կապերի կարևորությունը, Բայդենը, միևնույն է, կարող է որոշել վերջին րոպեին չօգտագործել այդ տերմինը:

Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողներին ասել է, որ Սպիտակ տունը շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, «ավելին կասի», բայց հրաժարվեց մանրամասնել:

Մեկ տարի առաջ, դեռ նախագահի թեկնածու լինելով, Բայդենը ոգեկոչել էր Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին և ասել, որ կաջակցի այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերին:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունները՝ Հայոց ցեղասպանությունը: Ընտրվելու դեպքում, ես խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և համընդհանուր մարդու իրավունքները կդարձնեմ գերխնդիր», – ասել է նա Twitter- ում ՝ 2020 թվականի ապրիլի 24-ին։

Նշենք, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տեղեկություն են հայտնել նաև CNN, The New York Times, Al-Jazeera հեղինակավոր լրատվամիջոցները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել