Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են

Այսօր առավոտյան ժամը 8:00-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունները:

Ավագանու ընտրություններում պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» , «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն» կուսակցությունները և «Բարև Երևան» դաշինքը:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 13 ընտրատարածք և 464 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված են 3712 անդամներ:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, Երևանում ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ:
Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

Տեղեկացնենք, որ Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:

Ավագանին կազմված է 65 անդամից: Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով:

Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

Այսպես.

Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.
2) յոթ անդամից` 1 000-ից մինչև 2 000 ընտրող ունեցող համայնքում.
3) ինն անդամից` 2 000-ից մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքում.
4) տասնմեկ անդամից` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքում.
5) տասնհինգ անդամից` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում.
6) քսանմեկ անդամից` 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.
2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:
Ընտրությունների ավարտը կհայտարարվի այսօր 20:00-ին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել