«Մենք Covax նախաձեռնության շրջանակներում ստացել ենք առաջին դեղաչափ պատվաստանյութերը AstraZeneca-ի 24.000 դեղաչափը»,-այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրներին ավելի էժան գնով ձեռք բերել դեղամիջոցներ և այն երկրները, որոնք չեն միացել այս նախաձեռնությանը հնարավորություն չունեն պատվաստանյութ ձեռք բերելու, քանի որ ամբողջ աշխարհում դրա դեֆիցիտը կա:
«Չի նշանակում, որ այս ծրագրի շրջանակներում միայն AstraZeneca պատվաստանյութ ենք ձեռք բերելու, բանակցությունները «Կովաքս» նախաձեռնության հետ շարունակվում են, առաջիկայում նոր պատվաստանյութեր կառաջարկվեն ՀՀ-ին»,-նշեց նա։
Գայանե Սահակյանի խոսքով՝ AstraZeneca պատվաստանյութը կլինիկական բոլոր փորձաքննություններն անցել է և մի շարք երկրներում են կլինիկական փորձարկումներ իրականացնել, ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն, ներառվել է այն 4 պատվաստանյութերի հետ, որոնք թույլտվություն ունեն:
«Պատվաստանյութը 2 դեղաչափով է կիրառվում՝ 18 տարեկանից բարձր անձանց, միջմկանային ճանապարհով, ինտերվալն առաջարկվում է 8-12 շաբաթ: Արդեն հայտնի են նաև վերջին հետազոտությունների արդյունքները՝ ախտանշանային ձևերի կանխարգելման համար արդյունավետությունը գնահատվում է 76 տոկոս, սա նշանակում է, որ պատվաստված անձանց մոտ ախտանշանները չեն զարգանում: Պատվաստանյութը բավականին արդյունավետ է ծանր դեպքերի կանխարգելման գործում․ հոսպիտալացումը և մահերը կանխում է գրեթե 100 տոկոսով»,-ասաց նա:
Գայանե Սահակյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտվել այս պատվաստանյութից, քանի որ վերջին հետազոտությունների արդյունքում որևէ պատճառահետևանքային կապ չի արձանագրվել թրոմբոէմբոլիաների և պատվաստումների միջև: Ըստ նրա՝ Հայաստանում 90 տոկոս հիվանդության աճ է գրանցվել, առաջիկա մեկ շաբաթում սպասվում է հինադության մոտ 7000 նոր դեպք, ինչի հետևանքով հիվանդանոցների մահճակալային ֆոնդը ամբողջովին կսպառվի և արդյունքում հերթեր կառաջանան։
Անդրադառնալով հակացուցումներին՝ Գայանե Սահակյանն ասաց. «Եթե մարդն ունի ալերգիա որևէ բաղադրիչի նկատմամբ, եթե նախորդ դեղաչափից գրանցվել է անաֆիլակտիկ շոկ, եթե տվյալ պահին անձն ունի բարձր ջերմություն և այլ հիվանդագին վիճակներ, միայն այս դեպքում պատվաստումը չի իրականացվում»: