Էրեբունի վարչական շրջանում մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնակատարությունների համար շուրջ 1․9 մլն դրամ գումար է ծախսվել

Երևանի քաղաքապետարանը մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնակատարությունների համար երկու պայմանագիր է կնքել, որոնք միասին արժեցել են 1 միլիոն 902 հազար դրամ։

Մարտի 3-ին պայմանագիր է կնքվել «Բեմել» ՍՊ ընկերության հետ։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգից։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից պարզ է դառնում, որ Կանանց միջազգային օրվա առթիվ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը պետք է հյուրընկալեր տարբեր ոլորտներում իրենց ուրույն դերն ունեցող կանանց։

«Կազմակերպվող միջոցռաումը կմեկնարկի վարչական շրջանի ղեկավարի ուղերձով։ Միջոցառում-ընդունելության ժամանակ անհրաժեշտ է նախատեսել՝ 20 հատ ծաղկեփնջեր, յուրաքանչյուր փունջը 7 վարդից (60-70 սմ)։ Մատակարար կազմակերպությունը պետք է տրամադրի 20 հատ անվանական գրիչներ՝ տուփերով 16*5 սմ չափի, 20 հատ պատվոգրի համար նախատեսված շրջանակներ A4 չափի, պատվոգրերը կտրամադրվեն Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։ Վարչական շրջանի կին աշխատակիցներին նվիրելւ համար նախատեսել մեկական վարդ՝ երկարությունը 60-70 սմ, ընդհանուր 80 հատ։

Կազմակերպել հուշ-երեկո Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների մայրերի համար։ Նախատեսել ֆիլմի պատրաստում զոհված տղաների մասին, մինչև 10 րոպե տևողությամբ։ (Ֆիլմը կազմված է լինելու նկարներից և ձայնային տեքստից, ֆիլմում անուն առ անուն հնչելու են տղաների անունները)։ Ֆիլմի ցուցադրման համար մատակարար կազմակերպությունը պետք է ապահովի պրոեկտոր և նախատեսի դրա շահագործումը։ Պրոեկտորը պետք է լինի -Full HD 5500 lumen որակի։

Ֆիլմի ցուցադրությունից հետո Էրեբունի վարչական շրջանի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ տեղի կունենա թատերականացված ներկայացում։ Միջոցառման ավարտին վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն կհայտնի զոհված տղաների մայրերին և հարազատներին։

Միջոցառման համար նախատեսել 70 հատ ծաղկեփունջ, յուրաքանչյուր փունջը 7 վարդից (70-80 սմ երկարությամբ)։ Հյուրերին նվիրելու համար անհրաժեշտ է 70 հատ Նարեկ սուրբ գիրք՝ էջերի քանակը 345։ Մատակարար կազմակերպությունը բեմի զարդարման համար պետք է ապահովի դեկորներ՝ կենաց ծառ՝ 1,70 սմ բարձրության, և տպագրի բոլոր զոհված տղաների գունավոր նկարները՝ 10*12 սմ չափով։

Շահող կազմակերպությունը մարտի 8-ի առթիվ վարչական շրջանի հաստատություններին պետք է մատակարարի տորթեր և շամպայն։ Անհրաժեշտ է նախատեսել 90 հատ տորթ, 60 հատ շամպայն։ Շամպայնը տուփերի մեջ, տորթը՝ 25*15 սմ բարձրության, մրգային։ Շահող  կազմակերպությունը պետք է ապահովի տորթերի և շամպայնների առաքումը պատվիրատուի կողմից նշված հասցեներ։

Ծրագիրը քննարկման ներկայացնել Էրեբունի վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման հետ իրականացնելուց 10 օր առաջ։ Բոլոր միջոցառումների համար հրավիրել լուսանկարիչ, իսկ նկարները փոխանցել էլեկտրոնային փոստի միջոցով»,-ասված է պայմանագրում։

 

Մարտի 3-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել ԱՁ Ազնիվ Մուրադյանի հետ։ Այս գնումն արժեցել է 372 հազար դրամ։ Որով նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի հաստատություններում աշխատող կանանց հիրավիրել թատրոն, մուտքի մոտ մեկական վարդ նվիրել։ Մանրամասները՝ պայմանագրի տեխնիկական բնութագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել