34 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, մեր երկիրն ընտրեց անկախությունը՝ որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ուղի:
Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ, որի արդյունքում հայ ժողովուրդը 1991թ.-ի սեպտեմբերին միաձայն «այո» ասաց անկախությանը՝ ձեռք բերելով այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990թ.-ի Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում հանրաքվե անցկացվեց: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»:
Ընտրողների 94.39 տոկոս ձայների գերակշիռ մեծամասնությամբ կողմ արտահայտվեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։