Ո՞վ է ստորագրել սրտի վիրահատության պայմանագրում հիվանդի փոխարեն

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Եփրեմ Բադիկյանի և Հովհաննես Բատիկյանի)` 1.800.000 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվոր «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ համաձայն 18.07.2010 թվականի թիվ 632 պայմանագրի, որը կնքվել է Եփրեմ Բադիկյանի և «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի միջև, Եփրեմ Բադիկյանին կատարվել է սրտի վիրահատություն և մատուցվել են լրացուցիչ բուժ. ծառայություններ, որի դիմաց նա պարտավորվել է ըստ պայմանագրի 2.2.3 կետի վճարել բուժ. ծառայությունների դիմաց: Համաձայն թիվ 1701 ծառայությունների մատուցման հաշվի, որը կնքվել է 20.07.2010թ.-ին, ծառայությունների դիմաց վճարվելիք արժեքը կազմել է 2.300.000 դրամ: 15.05.2011 թվականի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմել է 1.800.000 դրամ: Բազմիցս բանավոր և գրավոր նախազգուշացրել են պատասխանողներին, սակայն` ապարդյուն:

Սույն քաղաքացիական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն դատարան է ներկայացվել 18.07.2010թ.-ին կնքված թիվ 632 պայմանագիրը: Պայմանագրի կողմ են հանդիսացել «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն` ի դեմս տնօրեն Լ.Կ. Մուրադյանի, մյուս կողմից` Եփրեմ Բադիկյանը, «Հարազատ» տողում նշված վերջինիս եղբայր Հովհաննես Բատիկյանը, որտեղ Եփրեմ Բադիկյանի անվան դիմաց ստորագրությունը բացակայում է: Պայմանագրի 1-ին կետի համաձայն` հիվանդանոցը պարտավորվում է հիվանդին մատուցել բժշկական ցուցումներին համապատասխան և դրանից բխող այլ բուժօգնություն:

Դատարանի կողմից 26.03.2012թ.-ին նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննությամբ 14.06.2012թ.-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է փորձագետի եզրակացություն: Համաձայն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 14.06.2012թ.-ին ներկայացված եզրակացության` 18.07.2010 թվականի թիվ 632 պայմանագրի ստորին աջ մասում` «Բադիկյան» ձեռագիր գրառման աջ կողմում և «ստորագրություն, Ա.,Ա.» տպագիր գրառման վերևում տեղավորված ստորագրությունը կատարվել է Հովհաննես Բատիկյանի կողմից:

20.07.2010 թվականի ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշվի ստորին աջ մասում` «Ծառայություն ստացող» սյունյակում «Բադիկյան Եփրեմ» ձեռագիր գրառումների ներքևում` «Հարազատ» տպագիր գրառման աջ կողմում, տեղավորված ստորագրությունը չի կատարվել Եփրեմ Բադիկյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից: Վերը նշված ծառայությունների մատուցման հաշվի ստորին աջ մասում` «Ծառայություն ստացող» սյունյակում «Հիվանդ» տպագիր գրառման աջ կողմում տեղավորված «Բադիկյան Եփրեմ» ձեռագիր գրառումները չեն կատարվել Եփրեմ Բադիկյանի կողմից, այլ կատարվել են այլ անձի կողմից:

20.07.2010թ.-ին կազմվել է ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշիվը, որը ստորագրվել է մի կողմից «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Լ.Կ.Մուրադյանի, մյուս կողմից, ըստ փորձագետի եզրակացության, մեկ այլ անձի կողմից, որը ոչ Եփրեմ Բադիկյանն է, ոչ էլ Հովհաննես Բատիկյանը, իսկ այլ անձի ինքնությունը հայտնի չէ և գործի քննությամբ չի պարզվել:

Կոնկրետ դեպքում հաշվի առնելով, որ պայմանագիր կնքելու փաստի ապացուցման պարտականությունը պետք է կրեր «Նորք-Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ն, սակայն վերջինս, ի պահպանումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի, չի ապացուցել, որ 20.07.2010թ.-ին կազմված ծառայությունների մատուցման թիվ 1701 հաշիվը ստորագրվել է Եփրեմ Բադիկյանի կամ վերջինիս եղբոր` Հովհաննես Բատիկյանի կողմից, այսինքն` բացակայում է ծառայությունների մատուցման դիմաց վճարման ենթակա գումարի բռնագանձման հիմքը, դատարանը գտնել է, որ հայցը ենթակա է մերժման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել