«Այդպիսի ախորժակի համար ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լարվել»․ Թուրքիան քարտեզ է ներկայացրել, որում իր տարածքում է ներառել Ղրիմը

Թուրքական հեռուստաընկերության կողմից ցուցադրված քարտեզը, որը կանխատեսում է Անկարայի ազդեցության գոտու ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավ, ծիծաղելի է թվում, թուրքական կողմը պետք է թողնի երազանքները Ռուսաստանի տարածքի հետ կապված․ ասում է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը:

Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական կայքը:

Ավելի վաղ TGRT1 հեռուստաալիքի եթերում նրանք ցույց են տվել մի քարտեզ, որն արտացոլել է Stratfor-ի կանխատեսումները՝ Թուրքիայի ազդեցության ոլորտի ընդլայնման վերաբերյալ: Ենթադրվում է, որ մինչև 2050 թվականն այն ընդգրկելու է Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջաններ, ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի է թվում և հիշեցնում է գիտաֆանտաստիկ ժանրի մի հատված: Կարելի է միայն թուրքական կողմին խորհուրդ տալ հրաժարվել Ռուսաստանի տարածքի երազանքներից, այլապես ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լարվել այդպիսի ախորժակի համար»,-ասել է Գեմպելը РИА Новости-ին:

Նրա խոսքով՝ Թուրքիան Ղրիմի վրա «աչք ուներ», երբ այն դեռ Ուկրաինայի կազմում էր և ակտիվ քարոզչական և ֆինանսական գործունեություն էր ծավալում թերակղզում:

«Հիմա Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է: Ռուսաստանը Ուկրաինա չէ, այդպիսի կուլիսային խաղերը նրա հետ չեն աշխատի», – ասել է Գեմպելը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հանրաքվեի արդյունքում Ղրիմի ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը կողմ էին արտահայտվել Ռուսաստանին միանալուն, ինչի արդյունքում Ղրիմը դարձավ Ռուսաստանի մարզ: Ուկրաինայի իշխանությունները մինչև հիմա Ղրիմը համարում են իրենց սեփական տարածքը, որը ժամանակավորապես գրավված է ՌԴ-ի կողմից:

Ռուսական իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, լիովին համապատասխանելով միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջապես փակված է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել