Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնել է, որ որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման հետ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը:

Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ:

Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը:

Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են: Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը…

Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք:»

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, «Իմ քայլը» հիմնադրամը հյատարարություն էր տարածել, որում ասվում էր․

«ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվում էր իրականացնել ամանորյա

կրթաժամանցային մանկական միջոցառում, որտեղ երեխաները հնարավորություն կունենային 10 թեմատիկ տաղավարում էլֆերի հետ միասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ վաֆլիով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։

Միջոցառման նպատակը երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրելն ու մի փոքրիկ հեքիաթային անկյուն պարգևելն էր։

Միջոցառմանը նախորդող մոտ երկու շաբաթների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները հետաքրքրվում էին հանրության և հատկապես տեղահանված բնակչության շրջանում, թե արդյո՞ք կցանկանան երեխաներին տանել կրթաժամանցային միջոցառման, և ստանում էին միանշանակ դրական արձագանք։

Արդեն երեկ Հիմնադրամի աշխատակիցներին մոտենում էին երեխաները և անհամբերությամբ հետաքրքրվում, թե երբ են մասնակցելու միջոցառմանը։

Սակայն միջոցառման նախօրեին սոցիալական ցանցերում կեղծ լուրեր տարածվեցին այն մասին, թե նախատեսվում է համերգ։ Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում էին կոչեր տաղավարները վառելու, ինչպես նաև՝ երեխաների մուտքը միջոցառմանը խոչընդելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նպատակը պատերազմի ընթացքում երեխաների տարած սթրեսը մեղմելն էր, որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար։

Ի դեպ, միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել