ՀՀ ոստիկանությունը հայտնում է․
«Դեկտեմբերի 15-ին, ժամը 2.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ որովայնի կտրած-ծակած վերքով Սարի թաղի 40-ամյա մի բնակիչ է հիվանդանոց տեղափոխվել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Տղամարդուն վիրահատում էին, բացատրություն վերցնելն անհնար էր։ Նրան հիվանդանոց ուղեկցողի հայտարարությամբ՝ նշված հասցեում բարձրությունից էր ընկել։
Սակայն Սարի թաղ մեկնած քրեական հետախույզները այլ բան պետք է պարզեին։ Հարազատների հայտարարությունը հավատ չէր ներշնչում։ Թե՛ վնասվածքի բնույթը, թե՛ դեպքի վայր զննությունը փաստում էին, որ թաքցրել են կատարվածի իրական հանգամանքները։ Նույնիսկ դժվար չէր պատկերացնել, թե ինչու։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ ժամեր առաջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր հորեղբոր 29-ամյա որդին։
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դանակը հայտնաբերվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։