Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է․
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Իր ելույթում Մանուկյանը խոսել է մեր երկրի ներկայի ու ապագայի մասին։
Ի՞նչ կարևոր արձանագրումներ է նա արել․
1․ 2018 թվականի փոփոխությունների առաջին իսկ պահերից շատերը հասկացան, որ մեր երկիրն այն ճանապարհով չի գնում, որը կբերի զարգացում և առաջխաղացում: Ընդհակառակը, կառուցվում էր ոստիկանական պետություն, ազգային արժեքները ոտնահարվում էին, հարվածներ էին ստանում Արցախի և Հայաստանի բանակները։ Ի վերջո ստացանք պատերազմ։
2․ Պատերազմի սկիզբն այն պահին չէր, որ պետք է լիներ: Պատերազմի ընթացքն այնպիսին չէր, որ պետք է լիներ: Պատերազմն այսպես չէ, որ պետք է ավարտվեր և նույնիսկ պատերազմի ավարտը չէր համապատասխանում այն փաստաթղթին, որը ստորագրվեց: Այս ամենը կարելի է համարել պատահականությունների, տգիտության, բնավորության հետևանք, բայց սովորաբար այդքան զուգադիպություններ չեն լինում:
3․ Մենք ունեցանք հսկայական մարդային ու տարածքային կորուստներ։ Բայց մենք մի ուրիշ ֆունդամենտալ կորուստ էլ ունեցանք՝ մեր ինքնավստահությունը: Առաջ Հայաստանն այս տարածաշրջանում մի պետություն էր, որի հետ հաշվի էին նստում։ Հիմա այդ ամենը զրոյացավ։
4․ Պատերազմի ակտիվ մասն ավարտվեց, բայց պատերազմը դեռ շարունակվում է: Դրա մասին են վկայում նաև վերջին գերեվարությունները, տարածքային կորուստները։ Տպավորություն է, որ մենք չունենք բանակ և պաշտպանություն:
5․ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Եթե չհեռանա, Հայաստանն ամեն օր նոր կորուստներ է ունենալու։
6․ Ոչ մի երկիր չի նստի լուրջ բանակցությունների նման ղեկավարի հետ, էլ ուր մնաց Ադրբեջանի ղեկավարությունը: Նրանց կողմից հիմա միայն ծաղր ու արհամարհանք է, ուրիշ ոչինչ։
7․ Երկիրն այս աղետին հասցրած մարդը շարունակում է կառչած մնալ իր աթոռին։ Նա վախենում է այն պատասխանատվությունից, որը պետք է կրի աթոռից հրաժարվելուց հետո:
8․ Շարժումը փորձում է հասնել իշխանության հեռացմանը: Շատերը նունիսկ դժգոհ են, որ շարժումը վճռական քայլերի չի գնում: Մինչդեռ մարդանց մի զգալի մասը շատ վճռական է տրամադրված:
9․ Ժողովրդի մի մասը դեպրեսիայի մեջ է, և չի կարելի նրան մեղադրել։ Նրան հասցրել են այդ վիճակին։ Ժողովրդի մի հսկայական հատված էլ դեմ է այս իշխանությանը, բայց ակտիվորեն չի մասնակցում ցույցերին։
10. Մի շահարկում կա՝ եթե Նիկոլը գնա, գալու են «հները»: Այս տարիների ընթացքում նախկին իշխանությունների նկատմամբ այնպիսի ատելություն է սերմանվել, որ զարմանալի ձևով մարդկանց համար նույնիսկ հայրենիքի կորուստն ավելի ներելի է, քան հների վերադարձը:
11. Ուժի միջոցով իշխանություն փոխելը դժվար չէ, բայց պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի հետ աշխարհը հաշվի կնստի։
12. Ինչո՞ւ պետք է ձևավորվի ժամաակավոր կառավարություն։ Եթե մարդը հայրենիք կորցնելուց հետո չի հեռանում, նա ազատ ու արդար ընտրություններ երբեք չի կազմակերպի։
13. ժամանակ է պետք, որ հայաստանյան կուսակցությունները ոտքի կանգնեն ու պատրաստվեն արտահերթ ընտրությունների: Ժամանակավոր կառավարությունը կտա դրա հնարավորությունը։
14. Մեկ տարին պետք է, որ նոր կառավարությունը կայունացնի երկրի վիճակը, արագորեն լուծի հրատապ հարցերը և համախմբի բոլոր ուժերին։
15. Այդ մեկ տարում պետք է դրվեն նաև Հայաստանի ապագա ընթացքի հիմքերը։ Ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել, ո՞րն է մեր գաղափարախոսությունն ու տեսլականը։
16. Ինձ համար կարևոր ու առաջնային են բանակն ու կրթությունը։ Եթե ուզում ես ազգային, ժողովրդավարական պետություն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ և համարժեք կրթություն»: