«Ոստիկանները ձգտել են Արմեն Մարտիրոսյանին պատճառվող վնասը հասցնել առավելագույնի». (Լուսանկարներ)

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած վերջին խաղաղ երթի ժամանակ ոստիկանների կողմից իրեն հարվածներ հասցնելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին ասաց պարոն Մարտիրոսյանը:

 

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

 

Հակառակ այդ հաղորդագրության Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ ինքը ոչ մի իրավախախտ գործողություն չի կատարել:

 

«Ես որևէ ոստիկանի ոչ հարվածել եմ, ոչ էլ վիարվորվել: Ես պարզապես թիրախ եմ եղել: Ինձ նախքան ծեծի ենթարկելը որևէ նախազգուշացում չի եղել: Մյուս քաղաքացիների նման հանգիստ իմ ցույցն էին անում: Եթե անգամ խախտում կատարած լինեի, իրենց կոչը, օպերացիան` սադիստական վերջին պահվածքով, որևէ կապ չուներ իմ խաղաղ բողոքի հետ, քանի որ իրենց կողմից ոչ համաչափ պահվածք է ցուցաբերվել իմ հանդեպ: Կապ չունի բացարձակ երթը արտոնված է, թե` ոչ, կարևորը այն է, որ քաղաքացիներն իրենց բողոքը խաղաղ արտահայտելու իրավունք ունեն»,- Իրավաբան.net-ի լրագրողին փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:

 

Փաստաբան Կարեն Քոչարյանի խոսքով` ոստիկանությունը, խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ (երթը քաղաքապետարանի կողմից արտոնված չի եղել- Ն. Հ.) մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով անցկացվող հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ մի դեպքում իրավունք չուներ կիրառելու հատուկ միջոցներ:

 

«Խաղաղ հավաքի մասնակիցներից պետք է տարանջատել այն քաղաքացիներին, ովքեր կատարել են հարձակումներ այլ քաղաքացիների, ոստիկանության ծառայողի/ծառայողների վրա, քանի որ տվյալ քաղաքացիները համարվում են իրավախախտներ և նրանց նկատմամբ կարող էին կիրառվել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, սակայն յուրաքանչյուր ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի», – Իրավաբան.net-ին փոխանցեց Կարեն Քոչարյանը:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ոստիկանություն բերման ենթարկելուց հետո իրեն անմիջապես շտապ բուժօգնություն են ցույց տվել այնտեղ:

 

Վերջինիս բնորոշմամբ կապ չունի, թե իր առողջությանն ինչպիսի վնաս է հասցվել, կարևորն այն է, որ իր առողջությունն ամուր է եղել և ինքը դիմացել է, բայց մեկ ուրիշը կարող էր չդիմանալ. «Դա սադիստական վերաբերմունք էր ՀՀ քաղաքացու նկատմամբ»:

 

Կարեն Քոչարյանի գնահատմամբ` Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ իրականացված գործողությունների գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները: Նախ, արդյո՞ք Արմեն Մարտիրոսյանը հանդիսացել է տվյալ դեպքում իրավախախտ, երկրոդը` եթե Արմեն Մարտիրոսյանը հանդիսանում էր իրավախախտ արդյո՞ք ոստիկանությունը հնարավորություն չուներ այլ միջոցներով, մասնավորապես, բանակցությունների և համոզման միջոցով կանխել իրավախախտումը, և, երրորդ, արդյո՞ք ոստիկանության ծառայողը/ծառայողները ձգտել են, որ նրան պատճառվող վնասը հասցվի նվազագունի:

 

«Եթե առաջին երկու հարցերին պատասխանելու համար բավարար չէ մեկ տեսագրությունը, որի վրա երևում է, ինչպես են մի քանի ոստիկաններ հարվածներ հասցնում Արմեն Մարտիրոսյանին, ապա երրորդ հարցին կարող եմ պատասխանել, որ իմ կարծիքով ոստիկանները ձգտել են Արմեն Մարտիրոսյանին պատճառվող վնասը հասցնել առավելագույնի` կիրառելով հարվածներ, մասնավորապես, ծնկով դեմքի շրջանին հարվածներ, վահանով հարվածներ, որոնք մարդու առողջությանը կարող են պատճառել առավելագույն վնաս»,- նշեց փաստաբանը:

 

Երեկ՝ ապրիլի 10-ին, ոստիկանությունը Արմեն Մարտիրոսյանը հրավիրել էր ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ իրականացնող իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով:

 

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի խոսքով` ինքը երեկ գնացել է ոստիկանություն, սակայն քննիչների բացակայության պատճառով բացատրություն չի տվել:

 

Հ.Գ. Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանների միջև ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի մասին Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ոստիկանությունից: Սակայն մեզ հայտնեցին, որ թեմայի առնչությամբ սպասենք մինչև իրենց կայքում կհայտնվի պարզաբանում:

 

Մեզ այդպես էլ չհաջողվեց ոստիկանությունից իմանալ, թե արդյո՞ք իրենք Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելուց առաջ ոստիկանների գործողություններն իրավաչափ են համարում: Հնարավո՞ր է պարոն Մարտիրոսյանին հարվածող ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:

 

Նունե Հովսեփյան

 

Լուսանկարներից երեքը վերցված է 1in.am-ի տեսանյութից

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել