Զարուհի Բաթոյանն ազատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքում:

1997թ. ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն):

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. օգոստոսին ավարտել է «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ)։

Աշխատել է. 1999-2017թթ․՝ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012-2018թթ․՝ «Զարտպրինտ» ՍՊԸ-ում տնօրեն, որը հիմնադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար, 2014-2018թթ․ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ:

Աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ:

2013-2017թթ. նախագահել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը։

2016թ. «Ներառման խթանում» անվանակարգում արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:

2017թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Ելք» կուսակցություններ դաշինքից։

2018թ. հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

2019թ.հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել