Հայաստանում Ադրբեջանի կողմից խփված ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմին շնորհվել է պետական պարգև։ Հայտնում է РИА Новости-ին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով «Արիության» մեդալով է պարգևատրել՝ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Սերգեևիչ Գրյազինին, մայոր Իշչուկ Յուրի Վիկտորովիչին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչին (հետմահու)՝ մարտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար»,-հայտնել է Կրեմլի լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին մարտական գոտուց դուրս գտնվող օդային տարածքում խոցվել էր Մի-24-ը, որը ծառայում էր Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը ստացել էր միջին-ծանր վնասվածքներ։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խոստովանել էր, որ իր ուժերը խոցել են ռուսական ուղղաթիռը: Նրանք ներողություն խնդրեցին միջադեպի համար և պատրաստակամություն հայտնեցին փոխհատուցում վճարել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան ընդունել է ներողությունը՝ «Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքի և անաչառ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության հավաստիացման» համար։