Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք.
«Բրիտանական հայտնի Financial Times պարբերականը զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իր հերթական համարում անդրադարձել այդ հարցազրույցին:
Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
Պարբերականը նշել է, որ Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային ուժերն անեն ավելին դադարեցնելու Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողություն ունենալու համար ընթացող պատերազմում և նախազգուշացնում է, որ Անկարան «Կովկասում մեկ այլ Սիրիա է» ստեղծում:
Արմեն Սարգսյանն ասել է, որ Թուրքիայի ռազմական և դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին՝ Մոսկվային զրկել է կողմերի միջև ունեցած իր ավանդական հավասարակշռող դերից: Նախագահը կոչ է արել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին զսպել Անկարային՝ բնութագրելով վերջինիս որպես «տարածաշրջանի խառնակիչ»:
«Եթե մենք հիմա միջազգային մակարդակում չձեռնարկենք Թուրքիային կանգնեցնելու քայլեր, այս տարածաշրջանը կունենա նոր Սիրիա դառնալու հեռանկար, և այդ ժամանակ բոլորը կտուժեն»,-ասել է նա Financial Times –ին տված հարցազրույցում:
Բազմաթիվ մարդիկ են զոհվել և տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տարհանվել են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև գրեթե երկու շաբաթ ընթացող մարտերի պատճառով: Սա ամենալուրջ ընդհարումն է պատերազմից ի վեր, որն ավարտվել է 1994-ին՝ երերուն զինադադարի համաձայնագրով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որով այդ տարածքը մնացել է հայկական վերահսկողության տակ: Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը, որպես տարածաշրջանային հեգեմոն, ձգտել է կանխել Խորհրդային Միության նախկին անդամ այս երկու երկրների միջև հատուկենտ ռազմական բախումները՝ դրանք ավելի մեծ հակամարտության չվերածելու համար: Սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և ռազմական օգնությունն անօդաչու թռչող սարքերի և Սիրիայից եկած զինյալների տեսքով մարտահրավեր է նետում Մոսկվային՝ որպես առաջատար միջնորդի:
«Մենք ավելի շատ ջանք պետք է ներդնենք պատերազմը դադարեցնելու համար,-ասել է պարոն Սարգսյանը: -Եվ ջանքերը պետք է ուղղված լինեն Թուրքիային: Այն պահից, երբ Թուրքիան դուրս բերվի այս հավասարումից, մենք ավելի մոտ կլինենք հրադադարի հաստատմանը և բանակցությունների սեղանին վերադառնալուն»:
Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի: «Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից,-հավելել է պարոն Սարգսյանը: –ՆԱՏՕ-ի անդամ լինելը նշանակում է, որ դու պետք է կարողանաս զսպել ինքդ քեզ: Քեզ չեն տվել կանաչ քարտ՝ միջամտելու երրորդ կողմի հակամարտությանը»: «Ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում՝ օգնելով կռվել Լեռնային Ղարաբաղի դեմ: Բացատրե՛ք ինձ»,-ասել է նա: -Դա ամբողջությամբ վերասահմանում է ՆԱՏՕ-ի դերը»:
«Մենք ավելի քան 20 տարի հրադադարի մեջ էինք, սակայն հիմա մենք ունենք իսկական պատերազմ»,- ասել է Սարգսյանը՝ Թուրքիային բնութագրելով որպես «360 աստիճանով ահաբեկող»: «Թուրքիայի ներկայությունը խախտում է հավասարակշռությունը: Երբ չկար Թուրքիան, մեխանիզմն աշխատում էր»,– ավելացրել է նա:
Բաքուն հերքում է, որ Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված զինյալները համալրել են իրենց կանոնավոր զորքերը: Սակայն Սիրիայում մի միջնորդ FT-ին ասել է, որ ինքը պայմանագիր է կնքել հարյուրավոր զինյալների հավաքագրելու համար, ովքեր Ադրբեջան են ժամանել նախորդ ամսվա վերջին:
«Երբ կռիվը դադարի, արդյո՞ք այդ զինյալները կհեռանան Ադրբեջանից,- հարցրել է Սարգսյանը: -Սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ Կովկասի համար, և սպառնալիք է նաև Ռուսաստանի համար: Նրանք կարող են շատ բացասական ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև՝ Իրանի հյուսիսի վրա»:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումը «նշանակում է էթնիկական զտում, որպեսզի տիրանան այդ տարածքին»:
«Աշխարահասփյուռ ողջ հայությանն սա հիշեցնում է հայկական հողի վրա իրականացված ցեղասպանությունը,-ասել է նա՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ. ընթացքում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը: -Սա կռիվ է ընդդեմ ցեղասպանության»:
Նա ասել է, որ Հայաստանը երբեք չի լքի Լեռնային Ղարաբաղին, և որ հարյուրավոր էթնիկական հայեր, ովքեր բնակվում են այլ երկրներում, արդեն իսկ փորձում են վերադառնալ՝ պայքարելու իրենց հողերի համար:
«Նրանք թոռներն են այն մարդկանց, ովքեր ցեղասպանություն են տեսել,- ասել է նա: -Ողջ աշխարհից միլիոնավոր հայեր կգան և կկռվեն Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ նրանք թույլ չեն տա, որ Թուրքիան ավարտին հասցնի այն, ինչ սկսել էր»»: