Լուսանկարում «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանն է։
Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: Իրավաբան․net-ի հետ զրույցում մահացած կնոջ ընկերուհին, Արփինե Մարգարյանը պատմեց դեպքի մանրամասները։
Նրա խոսքով՝ Սեդան 41 շաբաթական հղի է եղել և քանի որ ծննդաբերության ժամկետը անցել էր, օր էր նշանակվել արհեստական ծնունդ կազմակերպելու համար։
«Օր էր նշանակվել ու Աշոտը, «Շենգավիթ» ԲԿ-ի իր բժիշկը, կանչել էր հիվանդանոց։ Ի սկզբանե հաշվառված է եղել Սիրունյան Աշոտի մոտ, ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ պետք է ինքը ընդունի ծնունդը ու գնացել են առավոտից նորմալ է եղել, մինչև ժամը 6-ը մենք եղել ենք Սեդայի հետ կապի մեջ։ Ասում էր՝ լավ է, նորմալ է, քայլում եմ: Բժիշկ ասում էր՝ մի 2 ժամ ու վերջ, կծնվի։ Հետո կապը կորում է ու գիշերը 11-12-ին մենք ենք արդեն զանգում բժշկին, ինքը էլի հանգստացնում է, ասում է՝ ամեն ինչ նորմալ է: Մենք բոլորս այդ ընթացքում հիվանդանոցի տարածքում էինք, բակում սպասում էինք նորության: Ու արդեն 2-ին մոտ Սիրունյանը զանգում է ամուսնուն ու ասում՝ դեղ ենք ներարկել, որից Ձեր կինը ինչ-որ խնդիր ունի ու վատ վիճակում է հիմա»,-պատմում է Արփինեն:
Նրա խոսքով՝ մինչև այս հղիությունը Սեդան արտարգանդային հղիություն է ունեցել և այդ ժամանակ «Աստղիկ» ԲԿ-ում է պարզվել, որ որոշ հակաբիոտիկներ նրան հակացուցված են, Սեդան այն ժամանակ կոմայի մեջ էր ընկել։
«Բժիշկը իմացել է այդ դեղի՝ Սեդայի վրա ազդեցության մասին։ Դեղի մասին նշված էր նաև Սեդայի անկետայում»-նշում է Արփինեն։
Ըստ հարզատների՝ բժիշկներն են մեղավոր Սեդայի մահվան համար և պետք է պատասխան տան։
«Փորձում ենք մտնել հիվանդանոցի շենք, ախրաննիկները, ոստիկանները շարված՝ ռեակցիա չեն տալիս: Ստացվեց այնպես, որ ժամը 5-ին մոտ փորձեցինք ոստիկանների պատը ճեղքել, անցնել առաջ: Նոր բարեհաճեցին ամուսնուն կանչել վերև և ցույց տալ Սեդայի մարմինը: Սրսկել են այն դեղը, որը չպետք է սրսկեին, ամուսինը գոռացել ա՝ բա ո՞նց, Դուք գիտեիք, իր բժիշկն եք, Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի, ինչ վիճակում ա հայտնվում, Դուք անկետայի մեջ գրել եք, որ ինքն այդ դեղից վատանում է, Դուք եք օգնել, որ նա հղիանա: Էդ նույն դեղը սկսկելով՝ իրեն հասցրել են մահվան»,- պատմեց Արփինեն:
Մահացած ծննդկանի հարազատները դիմել են ոստիկանություն։
Արփինեի խոսքով՝ գիշերը ժամը 2-ին իրենց հիվանդանոցից ուղարկել են դեղ գնելու, դեղը գնել ու բերել են:
«Հիվանդանոցը մեզ՝ հարազատներին, ուղարկում է էսինչ ապտեկայից դեղ բերելու, որ տան, որպեսզի թոքերից ջուրը դուրս գա: Գնում, բերում ենք, բայց Սեդան այդ ժամանակ արդեն չի եղել, մեզ չեն ասել, անընդհատ ասում էին՝ ստաբիլ է վիճակը»,- ասաց ծննդկանի ընկերուհին:
«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանի հետ, ով ասաց, որ ավելի ուշ իրենք ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն կտարածեն:
Նրա խոսքով՝ բժիշկն ամեն ինչ արել է Սեդայի կյանքը փրկելու համար։
Սեդան աղջիկ է ունեցել, երեխան նորմալ վիճակում է․ «Սեդան ուզում էր անունը Նարե դնել»։
Թարմացում․Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Թարմացում․ «Շենգավիթ» ԲԿ-ի հայտարարությունը
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: