«Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի»․ մահացած ծննդկանի հարազատները մեղադրում են բժշկին

Լուսանկարում «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանն է։

Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: Իրավաբան․net-ի հետ զրույցում մահացած կնոջ ընկերուհին, Արփինե Մարգարյանը պատմեց դեպքի մանրամասները։

Նրա խոսքով՝ Սեդան 41 շաբաթական հղի է եղել և քանի որ ծննդաբերության ժամկետը անցել էր, օր էր նշանակվել արհեստական ծնունդ կազմակերպելու համար։

«Օր էր նշանակվել ու Աշոտը, «Շենգավիթ» ԲԿ-ի իր բժիշկը, կանչել էր հիվանդանոց։ Ի սկզբանե հաշվառված է եղել Սիրունյան Աշոտի մոտ, ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ պետք է ինքը ընդունի ծնունդը ու գնացել են առավոտից նորմալ է եղել, մինչև ժամը 6-ը մենք եղել ենք Սեդայի հետ կապի մեջ։ Ասում էր՝ լավ է, նորմալ է, քայլում եմ: Բժիշկ ասում էր՝ մի 2 ժամ ու վերջ, կծնվի։ Հետո կապը կորում է ու գիշերը 11-12-ին մենք ենք արդեն զանգում բժշկին, ինքը էլի հանգստացնում է, ասում է՝ ամեն ինչ նորմալ է: Մենք բոլորս այդ ընթացքում հիվանդանոցի տարածքում էինք, բակում սպասում էինք նորության: Ու արդեն 2-ին մոտ Սիրունյանը զանգում է ամուսնուն ու ասում՝ դեղ ենք ներարկել, որից Ձեր կինը ինչ-որ խնդիր ունի ու վատ վիճակում է հիմա»,-պատմում է Արփինեն:

Նրա խոսքով՝ մինչև այս հղիությունը Սեդան արտարգանդային հղիություն է ունեցել և այդ ժամանակ «Աստղիկ» ԲԿ-ում է պարզվել, որ որոշ հակաբիոտիկներ նրան հակացուցված են, Սեդան այն ժամանակ կոմայի մեջ էր ընկել։

«Բժիշկը իմացել է այդ դեղի՝ Սեդայի վրա ազդեցության մասին։ Դեղի մասին նշված էր նաև Սեդայի անկետայում»-նշում է Արփինեն։

Ըստ հարզատների՝ բժիշկներն են մեղավոր Սեդայի մահվան համար և պետք է պատասխան տան։

«Փորձում ենք մտնել հիվանդանոցի շենք, ախրաննիկները, ոստիկանները շարված՝ ռեակցիա չեն տալիս: Ստացվեց այնպես, որ ժամը 5-ին մոտ փորձեցինք ոստիկանների պատը ճեղքել, անցնել առաջ: Նոր բարեհաճեցին ամուսնուն կանչել վերև և ցույց տալ Սեդայի մարմինը: Սրսկել են այն դեղը, որը չպետք է սրսկեին, ամուսինը գոռացել ա՝ բա ո՞նց, Դուք գիտեիք, իր բժիշկն եք, Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի, ինչ վիճակում ա հայտնվում, Դուք անկետայի մեջ գրել եք, որ ինքն այդ դեղից վատանում է, Դուք եք օգնել, որ նա հղիանա: Էդ նույն դեղը սկսկելով՝ իրեն հասցրել են մահվան»,- պատմեց Արփինեն:

Մահացած ծննդկանի հարազատները դիմել են ոստիկանություն։ 

Արփինեի խոսքով՝ գիշերը ժամը 2-ին իրենց հիվանդանոցից ուղարկել են դեղ գնելու, դեղը գնել ու բերել են:

«Հիվանդանոցը մեզ՝ հարազատներին, ուղարկում է էսինչ ապտեկայից դեղ բերելու, որ տան, որպեսզի թոքերից ջուրը դուրս գա: Գնում, բերում ենք, բայց Սեդան այդ ժամանակ արդեն չի եղել, մեզ չեն ասել, անընդհատ ասում էին՝ ստաբիլ  է վիճակը»,- ասաց ծննդկանի ընկերուհին:

«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանի հետ, ով ասաց, որ ավելի ուշ իրենք ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն կտարածեն:

Նրա խոսքով՝ բժիշկն ամեն ինչ արել է Սեդայի կյանքը փրկելու համար։

Սեդան աղջիկ է ունեցել, երեխան նորմալ վիճակում է․ «Սեդան ուզում էր անունը Նարե դնել»։

Թարմացում․Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Թարմացում․ «Շենգավիթ» ԲԿ-ի հայտարարությունը

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել