Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների տոնն է։ Այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորահվորական ուղերձ են հղել ԱԻՆ աշխատակիցներին։
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է․
«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»։
Նախարար Դելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը․
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ.
գեներալնե՛ր, սպանե՛ր,
տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, հարգելի՛ հայրենակիցներ,
հայտնի պատճառներով այս տարի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի մասնագիտական տոնը նշում ենք արտակարգ դրության պայմաններում:
Ինչպես բազմիցս եմ նշել` Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է:
Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում:
Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
նախարարության ստեղծման պահից առ այսօր, իրոք, քիչ բան չի արվել համակարգի համար: Մեզ հաջողվել է հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում զրոյական կետից ստեղծել մի կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին: Մեր փրկարարները իրենց հմտություններով և փորձով չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին:
Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով:
Արտակարգ իրավիճակների համակարգը կենդանի օրգանիզմ է և պարտավոր է քայլել օրեցօր փոփոխվող ու գնալով բարդացող աշխարհին զուգահեռ: Տարեցտարի փոփոխվում է համակարգի մարտահրավերների որակն ու դրանց աշխարհագրությունը: Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին, միջազգային հանրությանը, փրկարա-րական մեծ ընտանիքին՝ բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ և աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար:
Աղետների հետևանքներ վերացնելը պետությունների և ժողովուրդների համար մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը:
Աշխարհն այս ճանապարհով առաջ է շարժվում, և դա է պատճառը, որ առաջադեմ պետությունները գերադասում են հնարավորինս շատ և նպատակային ներդրումներ կատարել կարևորագույն այս ոլորտում:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ՝ մենք ևս առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում:
Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին:
Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից:
Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար:
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»։