Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի: Հուլիսի 21-ին Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:
Այս մասին հայտնում է Aliq-ge-ն։
Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ:
Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբարությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:
Ակցիան տևեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում: