ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկում է Ազգային պաշտպանության հատկացումների օրինագիծը (2021 FY National Defense Authorization Act), որի շրջանակում ներկայացված են փոփոխությունների առաջարկներ՝ կապված Ադրբեջանին ռազմական օգնության հետ: Քվեարկությունը տեղի կունենա քննարկումներից հետո։ Հայտնում է Ամերիկայի ձայնը։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ էին քաշել 2021 թվականի Ազգային պաշտպանության համար հատկացումների օրինագծում (2021 FY National Defense Authorization Act (H.R. 6395) օրենսդրական երկու փոփոխությունների նախագծեր: Դրանք վերաբերվում են ԱՄՆ-ի կողմից «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով Ադրբեջանին տրամադրվող մոտ 120 միլիոն դոլար ռազմական օգնությանը:
Կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է համար 66 փոփոխությունը, որով օրինագծի շրջանակում Ադրբեջանի համար նախատեսվող ռազմական օգնությունը չպետք է տրամադրվի, քանի դեռ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին չհավաստիացնի, որ այդ միջոցները չեն սպառնում քաղաքացիական ավիացիային:
Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական՝ համանախագահ Ֆրենք Փալոնն էլ առաջարկում է համար 397 փոփոխությունը, որը կպարտադրի ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առանձին զեկույց ներկայացնել «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության մասին:
«Անհրաժեշտ է արձանագրել օգնություն ստացող երկրի մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը: Եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, ինչպես օրինակ Ադրբեջանը, ապա չպետք է ստանա 333-րդ կետով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:
https://www.facebook.com/amerikayidzayn/videos/912821469193651