20.04.2012 թվականի www.zaruhi.com կայքէջում տեղադրված Ռ.Թաթոյանի «Ընտանիք քանդողները» հոդվածով թույլ են տրվել արտահայտություններ, որոնք վիրավորել և արատավորել են «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հեղինակությունը:
Հոդվածում մասնավորապես գրված է. «… ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»,- ՀՀԿ 13-րդ համագումարում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերոնշյալ մտքի կապակցությամբ Լուրեր.com-ին մեկնաբանություն է տվել հրապարակախոս ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «… Ի՞նչ ունենք այժմ: Քրեաօլիգարխիկ համակարգ, որի հիմնական շարժիչ ուժն այդ պահպանողական ընտանիքներն են, որոնք չեն ենթարկվում օրենքներին, քանի որ ունեն իրենց չգրված օրենքները, իրենց ընտանիքից դուրս անձանց չեն դիտարկում իբրև հավասար քաղաքացիներ: Պաշտպանված է այն մարդը, որն ընդգրկված է կլանում, բուրգի մեջ` բարեկամը, խնամին, ազգականը, որն աներկբայորեն ենթարկվում է ներքին կանոնակարգին: Այս համակարգում արգելված է ընտրությունը, սերը, իրավունքը:
Ամեն բան որոշում է կլանի ղեկավարը: Ընտանիքը խրախուսում է կոռուպցիան, քանի որ հանուն բարեկեցության` ցանկացած քայլի դիմելը միայն սխրանք է: … Գուցե ավանդականին դեմ լինելով` հրապարակախոսը կողմ է ոչ ավանդականի՞ն, օրինակ` միասեռականների ամուսնությանը»:
Ահա այս և այլ հրապարակումների հետ կապված հայցվոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությանը խնդրել է դատարանից պարտավորեցնել պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրել հայցվորից, դատարանի վճիռը հրապարակել www.zaruhi.com կայքում, հայցվորին վճարել փոխհատուցում 500.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը ամրագրում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով անդրադարձել է մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեք ընկալելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին (ՍԴՈ-834, ՍԴՈ-913 և այլն)` ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար, որը նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամաարտահայտության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու` պետության համարժեք պարտականություն…
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է,,որ
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը արժանապատվությունը և գործարար համբավը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով:
Դատարանը վճռել է հայցը բավարարել մասնակի:
Զարուհի հրատարակչական տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Ռուսլան Թաթոյանին պարտավորեցնել ընտանիք քանդող և գրանտածիծ արտահայտությունների միջոցով «Կանանց ռեսուրսային կենտրոն» hասարակական կազմակերպությանը վիրավորանք հասցնեու համար հրապարակային ներողություն խնդրել` ներողության տեքստը www.zaruhi.com կայքէջում տեղադրելու միջոցով:
Զարուհի հրատարակչական տուն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունից և Ռուսլան Թաթոյանից համապարտության կարգով բռնագանձել 50 000 ՀՀ դրամ հօգուտ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության` որպես փոխհատուցման գումար:
Աղբյուրը` Իրավաբան.net