Հայաստանում արդար քննության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումները

Գործի արդար քննության իրավունքը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավական անվտանգության երաշխիքն է: Այս իրավունքը վերաբերում է բոլոր տեսակի գործերի քննությանը՝ քաղաքացիաիրավական, վարչաիրավական, քրեաիրավական հարաբերությունների շրջանակներում: ՀՀ Կառավարության կողմից 2019թ․-ի դեկտեմբերի 26-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են ՀՀ-ում քրեական գործերի նախնական քննության կատարելագործմանն ուղղված միջոցառումները:

Այդ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները, որի արդյունքում կնվազեն մեղադրյալ անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումների քանակը և բողոքները, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտմամբ ՄԻԵԴ ներկայացված բողոքների քանակը։ 

Նշված նպատակներին հասնելու համար, 2020-2022 թվականներին  նախատեսվում է  իրականացնել հետևյալ գործողությունները՝

  • Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը, որի արդյունքում կնվազեն քրեական գործերի մինչդատական վարույթում քրեական դատավարության մասնակիցների իրավունքների խախտումները, ապացույցների` քննչական և դատավարական գործողությունների իրականացման կարգի խախտմամբ ձեռքբերման դեպքերը։
  • Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով, որի արդյունքում կնվազեն ճանաչման ներկայացնելու և առերեսման ժամանակ համապատասխանաբար ճանաչողի և ճանաչվողի, առերեսվողների (հարցաքննվողների) իրավունքների խախտման դեպքերը։
  • Օրենսդրորեն ամրագրել գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափանիշներ, որի արդյունքում կնվազեն կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառման և գրավի հայեցողական կիրառման դեպքերը։
  • Օրենսդրորեն սահմանել բացատրություն վերցնելու կարգը, որի արդյունքում կնվազեն բացատրություն վերցնելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը;
  • Վերանայել բերման ենթարկելու կարգի իրավական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն բերման ենթարկելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  • Օրենսդրորեն ամրագրել «հանցագործության մասին հաղորդման» հասկացությունը՝ հստակեցնելով հաղորդման բովանդակությանը ներկայացվող պահանջները, որի արդյունքում կնվազեն հանցագործությունից տուժած անձանց իրավունքների խախտման, միջազգային չափանիշներին հակառակ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների քանակը։
  • Օրենսդրորեն ամրապնդել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց քրեաիրավական պաշտպանության երաշխիքները, որի արդյունքում կնվազեն իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց իրավունքների խախտման դեպքերը։
  • Իրականացնել վերապատրաստումներ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների համար, որի արդյունքում կնվազեն ՀՀ ոստիկանության և ՀՀ ռազմական ոստիկանության կողմից քրեական գործի քննության մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ՀՀ քննչական մարմինների և ՀՀ դատախազության կողմից քրեական գործի նախաքննության փուլում և մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ինպես նաև դատարանների կողմից գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը քրեական, քաղաքացիական և վարչական գործերով։ 

  • Կատարելագործել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձի ծանուցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ծանուցման հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  • Կատարելագործել գույքի վրա կալանք դնելու քրեադատավարական միջոցառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն գույքի վրա կալանք դնելու արդյունքում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  • Կատարելագործել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման, ձեռք բերված տվյալների օգտագործման օրենսդրական հիմքերը և չափանիշները՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազեն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  • Բարելավել անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները, որի արդյունքում կբարձրանա անձնական տվյալների պաշտպանության վիճակը։

Գործի արդար դատաքննության իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար»:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել