Ասպիրանտների կրթաթոշակների բարձրացում` 35 հազար դրամով. ԿԳՄՍ

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը:

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ այդմ` 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն,

բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն,

տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, նախկին 20000 դրամի փոխարեն,

դոկտորանտների համար` 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` այս որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ին` N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրից և նպատակ ունի խթանել մարդկային ներուժի զարգացումը և որակյալ կրթության ապահովումը:

«Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել