Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի․ կստեղծվի նոր նախարարություն, պարեկային և այլ ծառայություններ

Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի։ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը կառավարությունը հաստատեց ապրիլի 23-ի նիստին։

Հարցը գործադիրի ուշադրությանը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Այս փաթեթի հիմնավորման մեջ նշվում է․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի նպատակներն են՝

  1. ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների,
  2. ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան,
  3. իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում,
  4. հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը,
  5. բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով,
  6. արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.

  1. Ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների հստակեցումը, ինչպես նաև նոր նախարարության ստեղծումը,
  2. Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը,
  3. Քրեական ոստիկանության զարգացումը և արդյունավետ նախաքննությունը,
  4. Ոստիկանության զորքերի ապառազմականացումը և Հասարակական կարգի պահպանությունը,
  5. Համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը,
  6. Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստումը և մասնագիտական զարգացումը,
  7. Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերը,
  8. Միջազգային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը,
  9. Ոլորտի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:

Հարկ է նշել, որ Ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք մեծիմասամաբ արտացոլվել են 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի նախագծում: Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու (մինչև նոր նախարարության ստեղծումը՝ ՀՀ Ոստիկանության, իսկ նոր նախարարության ստեղծումից հետո՝ նախարարության կողմից) և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով: Գործողությունների ծրագրի նախագծով նախատեսվել են միջանկյալ և երկարաժամկետ կոնկրետ թիրախային ցուցնիշները, դրանց ապահովման վերջանաժամկետները, ինչպես նաև վերստուգելի չափորոշիչները։

Ռազմավարության և Գործողության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ, որում բացի շահագրգիռ պետական մարմիններից, ներգրավվելու են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը ոլորտային ռազմավարության իրականացման համար կապահովի բարեփոխումների ներառականությունն ու հանրային ընկալումը: Ռազմավարության իրագործման թափանցիկությունը կապահովվի դրանով նախատեսված իրավասու մարմինների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման միջոցով։

Մեծապես կարևորելով ոստիկանության ոլորտում բարեփոխումների և համակարգի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման նշանակությունը՝ սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակվել է ռազմավարության և գործողությունների ծրագրերի հանրային հաղորդակցության պլան:

Ակնկալվում է․

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի ոստիկանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով`

ա) կարտացոլի ոստիկանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ ոստիկանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը,

ե) հիմքեր կստեղծի ժողովրդավարական իրավակարգին բնորոշ ոստիկանության ծառայության կառուցվածք և գործելակերպ ունենալու համար,

զ) կապահովի ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճն ու մասնագիտական այս ծառայության գրավչությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել