Ապրիլի լույս 17-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնում էլեկտրոնիկայի խանութից կատարված գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ կտրել են խանութ-սրահի ճաղավանդակը, բացել պատուհանը և սրահի երկրորդ հարկի տաղավարից գողացել բջջային 7 հեռախոս: Տուժողից ընդունվել էր հաղորդում։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը ապրիլի 21-ին բացահայտվեց։ Ժամը 10.25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսներն ինքն է գողացել: Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: