2020թ. փետրվարի 12-ից 25-ը ներառյալ իրականացվել է տեսչական ստուգում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի hողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության կողմից մարզի համայնքներում` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ, որի ընթացքում ստուգվել են նաև մարզի վեց համայնքներ՝ Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ։Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 66 խախտում։
Այս մասին տեղեկացնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված 6 համայնքներում հողերի ընթացիկ հաշվառման աշխատանքներն իրականացվում են թերություններով, մասնավորապես` չի վարվում հերթապահ կադաստրային քարտեզ: Սխալ են կազմված համայնքների հողային հաշվեկշիռները, որոնք հետագայում դառնում են մարզի և այնուհետ հանրապետության հողային հաշվեկշռի մի մասը։
2020 թվականի հունվարին Տեսչական մարմին է ներկայացվել «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ գրություն, որի հիման վրա իրականացվել է ստուգում Արարատի մարզի Արգավանդ համայնքում: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ: Բացահայտված խախտումները վերացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել ՀՀ համապատասխան մարզպետին:
Հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ՔՏՀԱՏՄ ուղղված գրությունը, կապված Աբովյան համայնքում հողային հարաբերություններին և քաղաքաշինական գործունեությանը առնչվող հարցերի ուսումնասիրման խնդիրների` ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ, Աբովյան համայնքում Տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 5-ից 6-ը ներառյալ իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի ընթացքում բացահայտվել են հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու հետ կապված խախտում, ինչի վերաբերյալ 09.03.2020թ. կազմվել է ակտ:
Միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ արձանագրված խախտման համար Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության, միաժամանակ պարտավորեցնելով խախտումը վերացնել ողջամիտ ժամկետներում:
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովից ստացվել և ուսումնասիրվել է հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված 78 հողաշինարարական գործ։
Արդյունքում տրվել է 48 դրական և 30 բացասական կարծիք։ ՔՏՀԱՏՄ աշխատակիցների կողմից՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ ըստ անհրաժեշտության ստուգումների հետ միաժամանակ, համայնքների ղեկավարներին և համապատասխան բաժինների պաշտոնատար անձանց տրվել են ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ, ինչպես նաև օրենսդրական պահանջներին վերաբերվող խորհրդատվություններ։
Այդ թվում․
հողային հաշվեկշիռը (բալանսը) ճիշտ կազմելու վերաբերյալ,
աճուրդային փաթեթների պարունակության վերաբերյալ,
հողերի նպատակային նշանակությունը փոխելու համար՝ միջգերատեսչական հանձնաժողով ուղարկվող փաթեթների պարունակության, նպատակային և գործառնական հողատեսքերի կարգավիճակը փոխելու վերաբերյալ: