Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 22-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին, դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
Ռուբիկ Մխիթարյանը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. հունվարի 31-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Դատական դեպարտամենտը հիշեցնում է, որ դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:
Աղբյուրը՝ Իրավաբան.net