ԻՀԱ-ն հերքում է. կազմակերպությունը պետբյուջեից ֆինանսավորում չի ստանում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 29-ին, Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Հրապարակման համաձայն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ են ընտրվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Այս տվյալների ստացումից հետո, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական ներկայացուցիչ հանդիսացող անդամի նախկին թեկնածու Արփինե Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ հարցազրույցում, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում հանձնաժողովի կազմը, ընտրված անդամների կարողությունները՝ նշել է. «Հանձնաժողովի կազմի մասով՝ ես բարձր եմ գնահատում իրենց բոլորի մասնագիտական գիտելիքները և հանձնաժողովում ընդգրկված երկու անդամի՝ Անահիտ Մանասյանի և Արմեն Մազմանյանի սահմանադրական գործընթացներին առնչվող փորձառությունը։ Իսկ ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ապա սրանք իշխանություններին լոյալ ՀԿ-ներ են, որոնք բյուջեից ֆինանսավորվում են և այլն, և այստեղ ավելացնլու շատ բան չկա»:

Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը նշեց, որ հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և  ասոցիացիան պետբյուջեից որևէ ֆինանսավորում չի ստանում: Ինչ վերաբերում է «իշխանություններին լոյալ ՀԿ-ներ» լինելուն, նա նշեց. «Իրավաբանների հայկական ասոցիացիան անկախ, ինքնիշխան մասնագիտական կառույց է, որը անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական հարթակում, փաստարկված կերպով քննադատել և քննադատում է թե՛ նախկին և թե՛ ներկա քաղաքական իշխանություններին: Անհրաժեշտության դեպքում կառավարությանը տալիս ենք նաև մասնագիտական, փորձագիտական կարծիքներ և խորհրդատվություն՝ երկրում առկա իրավական խնդիրներին լուծում տալու նպատակով, քաղաքական իշխանության հետ աշխատում ենք կառուցողական երկխոսության ձևաչափով»:

Արտակ Սարիբեկյանը նաև հավելեց, որ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի թեկնածությունը՝ որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ առաջադրել և պաշտպանել են նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել