Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը վերացնել կամ փոխարինել այլ խափանման միջոցով։
Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց պաշտպանների միջնորդությունը մերժել, Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
«Միջնորդությունը մերժվում է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-նշեց դատավորը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկա չէր դատական նիստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մնացական Մարտիրոսյանը հրապարակել էր Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: