«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսօր կայացած նիստում կառավարությունը քննարկել է թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը հատատելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նշված կարգի` որակավորման ստուգմանը մասնակցելու համար թեկնածուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում)
գ. սույն կարգիով նախատեսված` հանձնաժողովի կողմից կատարվող հարցումների վերաբերյալ անձի համաձայնությունը
2) անձնագիր և դրա պատճենը
3) համապատասխան մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն):
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
5) 2 գունավոր լուսանկար ՝ 3 X 4 չափի
Թեկնածուի կողմից դիտավորյալ հանցագործություն կատարած լինելու կամ դիտավորյալ հանցագործության համար դատվածության` սահմանված կարգով հանված կամ մարված լինելու, ինչպես նաև` համապատասխան բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառված չլինելու հանգամանքները պարզում է հանձնաժողովը` համապատասխան հարցումներ կատարելու միջոցով:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների վերաբերյալ որակավորման ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ ոստիկանության https://www. police.am ինտերնետային կայքում, «02» շաբաթաթերթում և https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տրվում է իրազեկում:
Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ թեկնածուն պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ:
Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ թեկնածուի նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:
Որակավորման ստուգումը անցկացվում է հայերեն լեզվով: Որակավորման ստուգմանը կարող են ներկա գտնվել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և համապատասխան մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Որակավորման ստուգումը իրականացվում է թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ պետական կրթական չափորոշիչներով սահմանված առարկաների և կրթական մոդուլների շրջանակներում:
Որակավորման ստուգման հարցաշարերը և քննական հարցատոմսերը ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների` կազմում է հանձնաժողովը:
Ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների` յուրաքանչյուր հարցաշար ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ քան վեց ամիս առաջ պարտադիր հրապարակվում են https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Որակավորման ստուգումը իրականացվում է քննական հարցատոմսերի միջոցով` մասնագիտական ուսուցման ընթացքում ստացած տեսական գիտելիքների և գործնական առաջադրանքներ լուծելու հմտությունների ստուգման եղանակով:
Յուրաքանչյուր քննական հարցատոմս ներառում է երկու տեսական հարց և մեկ գործնական առաջադրանք:
Որակավորման ստուգմանը նախապատրաստվելու համար թեկնածուին տրամադրվում է 30 րոպե ժամանակ:
Կառավարությունը քննարկել է նաև թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Աղբյուրը` Իրավաբան.net