Մանվել Գրիգորյանը օրական 110 միավոր ինսուլին պետք է ընդունի՝ օրվա տարբեր ժամերի. Արսեն Մկրտչյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն արդեն մուտք է արվել։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Եվրոպական դատարանը գործին ընթացք է տվել և հարցեր է ուղարկել մեզ: Դրանց պատասխանները մի քանի օր առաջ ուղարկել ենք: Չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ հարցեր էին, հիմնականում հիմնավորումներ էին պահանաջում, որ նա տարբեր հիվանդություններ ունի, կալանավորված է և այլն»,-նշեց Մկրտչյանը:

Ներկայացուցչի խոսքով, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրա հիվանդությունների պարագայում շատ դժվար է բուժումը կազմակերպել:

«Մեզ շատ է օգնում ՔԿՀ-ի բժիշկը, Սուրեն Սաֆարյանը, որը արտակարգ ռեժիմով է աշխատում: Մանվել Գրիգորյանը օրական 110 միավոր ինսուլին պետք է ընդունի՝ օրվա տարբեր ժամերի: Բժիշկը աշխատանքից դուսր այլ ժամերի էլ է ստիպված գալ աշխատանքի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել