Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բելգիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան  ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ  Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան և հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների՝  Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի»  գործունեությանը և ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաև կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել