Աշխարհի ավելի քան 20 երկրներում ընտրություններին մասնակցելը քաղաքացու պարտականությունն է, և այն խախտելու համար նախատեսված են բավականին լուրջ տուգանքներ:
Այսպես, Ավստրալիայում ընտրություններին չմասնակցելու համար քաղաքացին պետք է տուգանք վճարի, Պերույում և Հունաստանում չքվեարկած քաղաքացիներին չեն մատուցվում պետական կամ հանրային այս կամ այն ծառայությունները:
Ամենամեծ պատիժը նախատեսված է բրազիլացիների համար. եթե ընտրելու իրավունք ունեցող բրազիլացին առանց հարգելի պատճառների չի մասնակցում ընտրություններին, ապա նրան անձնագիր չեն տալիս մինչև մյուս ընտրություններում չքվեարկի:
Ինչպիսի ՞ն է իրավիճակը Հայաստանում:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:
Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիները ունեն անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները»:
ՀՀ ընտրական օրենսգիրքը նույնպես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:
«Վերը նշված նորմերի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրելը իրավունք է. քաղաքացին ինքն է որոշում՝ մասնակցի ընտրություններին, թե ոչ, սակայն չպետք է մոռանալ, որ ընտրելը յուրաքանչյուր անձի քաղաքացիական պարտքն է, որը պետք է կատարվի՝ առանց որևէ հարկադրանքի և պատժի սպառնալիքի»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net