Արմեն Ս.-ն 2025 թվականի փետրվարին, քննությամբ չպարզված կոնկրետ օրը, կանչ է տվել «Շտապ բժշկական օգնություն ծառայություն»: Կանչով Աշտարակի ենթակայանի շտապ օգնության բրիգադի անձնակազմը` բժիշկ Սիրանուշ Ա․-ի գլխավորությամբ մեկնել են Արմեն Ս․-ի կողմից մատնանշած հասցե, որտեղ նկատել են, որ Արմեն Ս․-ն դրսում մեծ խարույկ է վառել և նստել խարույկի մոտ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Շտապ օգնության ավտոմեքենայի վարորդը մոտենալով Արմեն Սարդարյանին հարցրել է, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է կանչ գրանցել, որին ի պատասխան Արմեն Ս․-ն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Բժիշկ Սիրանուշ Ա․-ն տեսնելով Արմեն Ս․-ի պահվածքը , փորձել է միջամտել, հանգստացնել նրան, սակայն վարորդն ասել է, որ ավելի լավ է հեռանան նշված հասցեից:
Բացի այդ Արմեն Ս․-ն 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը` 14:21-ին ինքնազգացողության վատացման պատճառաբանությամբ կանչ է տվել «Շտապ բժշկական օգնություն ծառայություն»: Կանչով շտապ օգնության բրիգադի անձնակազմը` բժիշկ Սիրանուշ Ա․-ն, բուժքույրը և վարորդը մեկնել են նշված հասցե: Արմեն Ս․-ն՝ լինելով ոչ սթափ վիճակում, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել և սեռական բնույթի հայհոյանքներ: Երբ բժիշկը փորձել է հեռանալ, վարորդը նկատել է, որ Արմեն Ս․-ն դանակը ձեռքին հարվածելու նպատակով թիկունքից մոտենում է բժշկին, որից հետո նրա ձեռքից վերցրել են դանակը և գցել սեղանին: Դրանից հետո Արմեն Ս․-ն՝ վերցնելով նույն դանակը, հարձակվել է վարորդի վրա, պատռել վերնաշապիկը, որից հետո վարորդը կրկին նրա ձեռքից վերցնելով դանակը` բժշկի հետ հեռացել են այդտեղից:
Գործը դատարան է ստացվել հունիսի 13-ին։
Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով։
Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Արմեն Ս.-ն կալանավորվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: