Բռնությամբ անհետացում

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում պետությունների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանն աջակցելու պարտավորությունը` մի շարք պետություններ վավերացրել են Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան:
Նախ նշենք՝ ինչ է համարվում «բռնությամբ անհետացումը»:

 

«Բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:

 

Համաձայն Կոնվենցիայի` ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

 

Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար:

 

Եթե բռնությամբ անհետացման հանցագործություն կատարած ենթադրյալ անձը հայտնաբերվում է Կողմ պետության իրավասության տակ գտնվող տարածքում, և եթե տվյալ պետությունը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, մեկ այլ պետությանը կամ միջազգային քրեական դատարանին, որի իրավասությունն ինքը ճանաչել է, այդ անձին չի հանձնում կամ փոխանցում, ապա այն պետք է տվյալ գործը ներկայացնի իր իրավասու մարմիններին` քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

 

Ոչ ոք չպետք է նաև գաղտնի կալանքի տակ պահվի:

 

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 23-ին:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել