Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

Վիետնամի լեռնային հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, կիրակի օրը հայտնել են աղետների հետևանքների վերացման հարցերով զբաղվող իշխանությունները։

Ինչպես հաղորդում է AFP-ն, վերջին օրերին հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել Սոնլա, Ֆու Թխո, Տույեն Կուանգ և հատկապես Դիենբիեն նահանգներում, ինչի հետևանքով մեկուսացել են մի քանի բնակավայրեր։ Գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ Դիենբիեն նահանգի Տիա Դին և Հա Զունգ համայնքներում 10 մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։

Պետական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել են, որ հինգշաբթիից շաբաթ օրը հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք հեղեղումների պատճառ են դարձել։

Շաբաթ օրը տեղական իշխանությունները ուղղաթիռներ են գործի դրել՝ մեկուսացած բնակավայրեր հասնելու և առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։

Բնակիչները տարհանվել են անվտանգ տարածքներ, իսկ էլեկտրամատակարարումը և հեռահաղորդակցության ծառայությունները հիմնականում վերականգնվել են մինչև կիրակի երեկո։

Հուլիսի վերջին նմանատիպ հեղեղումները հինգ մարդու կյանք են խլել Սոնլա նահանգում՝ հեղեղելով ցանքատարածությունները և ոչնչացնելով թռչուններն ու անասունները։ Վիետնամում այժմ արևադարձային փոթորիկների սեզոնն է, որոնք հաճախ մահացու հեղեղումների և սողանքների պատճառ են դառնում։

Գիտնականներն ասում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ավելի ինտենսիվ եղանակային պայմանների, որոնք կարող են մեծացնել ավերիչ հեղեղումների հավանականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել