Պետերբուրգում 14-ամյա ադրբեջանցի դեռահասին մեղադրում են ահաբեկչության համար

Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ, ով կասկածվում է ոստիկանության կետի հրկիզման մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունը օգոստոսի 3-ին՝ կիրակի, Telegram-յան ալիքում։

Գործը հարուցվել է «ահաբեկչություն» հոդվածով։

Քննիչների վարկածով՝ օգոստոսի 2-ի ցերեկը դեռահասը բոցավառվող խառնուրդով շիշ է նետել Մոսկովյան հրապարակում գտնվող չգործող ոստիկանության կետի ուղղությամբ։ Կետի տանիքը բռնկվել է։ Երիտասարդը լուսանկարել է տեղի ունեցածը և փախել։ Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Ավելի ուշ դեռահասը ձերբակալվել է և տեղափոխվել քննչական բաժին։ Նա բացատրել է, որ անհայտ անձինք կապ են հաստատել իր հետ մեսենջերով և առաջարկել հրկիզման դիմաց պարգևատրում։ Այժմ որոշվում է խափանման միջոցի հարցը։

Ինչպես նշում է «Ֆոնտանկա» թերթը, հրդեհը տեղի է ունեցել Մոսկովյան պողոտայի 212 տան մոտ։ Թերթի տվյալներով՝ դեռահասը 14-ամյա ադրբեջանցի է, ով 2017 թվականին հեշտացված կարգով ստացել է ՌԴ քաղաքացիություն։

Տղայի խոսքով՝ հուլիսի 28-ին նա սոցիալական ցանցում ծանոթացել է մի աղջկա հետ, ով իրենից խնդրել է Պետերբուրգի հայտնի վայրերի աշխարհագրական դիրքը։ Լուսանկարները ստանալուց հետո աղջիկը արգելափակել է նրան։ Շուտով նրան զանգահարել է մի անծանոթ, ով հավաստիացրել է, թե այդ տեղեկատվությունը օգտագործվել է հանցագործության նպատակով։

Ինչպես գրում է «Ֆոնտանկան», երիտասարդին առաջարկել են հրկիզել նախկին ոստիկանության պահակակետը և խոստացել 250 հազար ռուբլի։ Սակայն հրկիզումից հետո գումարը չեն փոխանցել։

«Ահաբեկչության» գործը գտնվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի վարույթում։ Թերթի տվյալներով՝ դեռահասը Սանկտ Պետերբուրգում ապրում է արդեն ավելի քան 10 տարի՝ հոր հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել