Կյանքից հեռացել է անվանի նյարդաբան, պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանը

Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է անվանի նյարդաբան, պրոֆեսոր Էլմիրա Գևորգյանը։ Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

«Նրա անունը մշտապես կապված է եղել հայ նյարդաբանության զարգացման, գիտական առաջընթացի հետ։

Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Գևորգյանը իր ողջ գիտելիքը, փորձն ու սերը նվիրել է նյարդաբանական բարդ խնդիրների ուսումնասիրությանը և բուժման արդիական մեթոդների զարգացմանը։ Նա ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլև ուսուցիչ, ով դաստիարակեց նյարդաբանների մի ողջ սերունդ։

Բժշկի մասնագիտությունն Էլմիրա Գևորգյանը ընտրել էր հավատքով ու պատասխանատվությամբ։ Չնայած դպրոցն ավարտելուց հետո ցանկացել էր դառնալ աստղագետ, ճակատագիրը նրան ուղարկեց դեպի բժշկություն՝ մասնագիտություն, որը դարձավ նրա կոչումն ու կյանքը։
1955 թվականին ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ նա իր գործունեությունը նվիրեց նյարդաբանական ոլորտին՝ դառնալով ՀՀ-ում ոլորտի առաջատարներից։

Էլմիրա Գևորգյանը աչքի է ընկել մարդկային բարձր որակներով, նվիրվածությամբ, հոգատար վերաբերմունքով հիվանդների ու գործընկերների հանդեպ։

Ցավակցում ենք պրոֆեսոր Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների, ուսանողների սրտերում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել