2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:
Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը դա սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է: Այս հոդվածը 2008 թվականին գոյություն չի ունեցել։
Այս հարցին կառավարության նիստից առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշեց․ «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով»,- ասաց նա։
Սասուն Խաչատրյանը նաև ցույց տվեց նախորդիվ գործող հոդվածը․ «Հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի օրվա դրությամբ գործող այս հոդվածով որպես հանցկազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը։ Այսինքն, այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը»,- ասաց Սասուն Խաչատրյանը։
Լուսանկարում՝ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն է