Ո՞ր գույքը ենթակա չէ վերադարձման որպես անհիմն հարստացում

Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ գույքը որպես անհիմն հարստացում վերադարձման ենթակա չէ:

Որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`

1)այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.

2)վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.

3)քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.

4)ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1099-րդ հոդվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել