Այս տարվա ապրիլի 9-ից կառավարության նիստերը դռնփակ են անցնում: Միայն օրվա ավարտին կառավարության աշխատակազմից ուղարկված հաղորդագրությունից հնարավոր է լինում որոշակիորեն տեղեկանալ, թե ինչ նախագծեր են գործադիրի հավանությանն արժանացել:
Այս փոփոխությունը կատարվեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետի ընտրություններին ընդառաջ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը մարտի 23-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, իսկ այնուհետև մարտի 30-ին ստորագրվեց այդ ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ապրիլի 9-ից օրենքն ուժի մեջ մտավ:
Այս օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ կետում նշվում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:
Ապրիլի 30-ին, Երևանում ընթացող ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչապետ ընտրվելու դեպքում իր առաջին քայլը լինելու է կառավարության նիստերը կրկին դռնբաց դարձնելը. «Խորհրդանշական առաջին քայլս կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի: Եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտ չլինի փոխել օրենքը ու դրանից հետո միայն դա իրականացնել, կարծում եմ՝ խնդիր չի լինի»,- նշել է Փաշինյանը:
Եվ քանի որ վարչապետի որոշմամբ հնարավոր է նույնիսկ նիստի մի մասը բաց անել, ապա ակնկալվում է, որ առաջիկա կառավարության նիստի մի հատվածը բաց կլինի, ինչպեսև քննարկման առարկա կդառնա կառավարության նիստերը ընդմիշտ դռնբաց անելու վերաբերյալ նոր իրավակարգավարում ունենալը:
Եվգենյա Համբարձումյան