Գուցե մենք ընկերներ ենք, բայց մենք նաև լրագրողներ ենք և պետք է անկախ գործենք. Անտոն Հարբեր

Անտոն Հարբերը, ով փորձված է և՛ բռնատիրական, և՛ ժողովրդավարական ուղղվածությամբ լրագրության մեջ, երբեք չի դադարել պայքարել խոսքի ազատության և թափանցիկության համար: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հիմնադրել է այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են «Դը Սփրինգ Ըդվայզերը», «Դը Սովեթանը» և ամենանշանավորներից «Ուիքլի Մեյլ»-ը, որն այժմ հայտնի «Մեյլ ընդ Գարդիըն» պարբերականն է:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տիրող ռասսայական խտրականության ռեժիմի անկումից հետո Անտոն Հարբերն աշխատել է երկրի լրագրության ապագայի վրա՝ կրթելով և ի հայտ բերելով շատ լրագրողների: Այժմ՝ 27 տարի անց, նա հպարտորեն վերհիշում է Հարավաֆրիկյան Հանրապետության լրագրության ոսկե դարաշրջանը:

Իրավաբան.net-ի հետ այս հարցազրույցում նա հետադարձ հայացք է նետում անցյալում լրագրության վիճակի վրա և խոսում է այդ մասնագիտության ապագա մարտահրավերների մասին:

-Մեր օրերում ինչպե՞ս է Հարավային Աֆրիկայում հետաքննող լրագրող լինելը:

-Այժմ մենք ազատության աներևակայելի մակարդակի ենք հասել: Հետաքննող լրագրողներն այժմ շատ բան են կարողանում անել: Իրականում անցած 2 տարիները ևս կարելի է հետաքննական լրագրության ոսկե շրջան համարել: Թո՛ւյլ տվեք Ձեզ ցույց տալ ամբողջական պատկերը: Մենք հիմա հետաքննում ենք կոռուպցիայի հետ կապված մի մեծ գործ, որում ներքաշված է Գուպտաների ընտանիքը. նրանք սերտ կապեր են ունեցել նախագահի և նրա ընտանիքի հետ: Այս պատմությունը բացահայտել են անկախ հետաքննող լրագրողների 2 կամ 3 խումբ, ովքեր անցած մեկ-երկու տարիների ընթացքում հիանալի աշխատանք են կատարել: Ակնկալվում է, որ այդ կոռուպցիոն գործի պատճառով նախագահը մոտակա մի քանի օրվա ընթացքում հրաժարական կտա (Մեզ հետ հարցազրույցից հետո հայտնի դարձավ նախագահ Ջեքոբ Զումայի հրաժարականի մասին,- խմբ.): Սրան բերող այդ հսկայական աշխատանքի մեծ մասը կատարվել է փոքրաթիվ հետաքննող լրագրողների կողմից:

-Որո՞նք են եղել Ձեր առաջին քայլերը լրագրության մեջ: Ինչպե՞ս եք ստեղծել «Ուիքլի Մեյլ»-ը:

-Երիտասարդ տարիքից ցանկացել եմ դառնալ լրագրող: Հենց ավարտեցի համալսարանը 1980 թվականին, ես պայքարում էի լրագրության ոլորտում աշխատանք գտնելու համար: Այսպիսով, ստիպված եղա գնալ՝ փոքրիկ մի քաղաքի պարբերականում տեղական փոքր իրադարձություններ լուսաբանելու: Այնուհետև տեղափոխվեցի «Դը Փոսթ» թերթ, որը սևամորթների թերթ էր: Այն աստիճանաբար կարևորություն էր ձեռք բերում այն ժամանակվա քաղաքականության մեջ: Այն իսկապես սևամորթների պարբերական էր, իսկ ես սևամորթ չեմ: Մնացած բոլոր լրագրողները սևամորթներ էին: Սա հիանալի վայր էր, որտեղ ես շատ բան սովորեցի երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այնուհետև հաջողությունն ինձ ժպտաց, և ես կարողացա քաղաքական լրագրողի պաշտոնով աշխատել այդ ժամանակվա առաջատար պարբերականներից մեկում՝ «Դեյլի Մեյլ»-ում: Պարբերականը փակվեց 1985 թվականին՝ քաղաքական նկատառումներից ելնելով, և ահա այստեղից սկսեցինք «Ուիքլի Մեյլ»-ի աշխատանքը. եթե կառավարությունը լուծարում էր մի պարբերական, մարդիկ մեկ ուրիշն էին ստեղծում: Եթե լրագրողները ձերբակալվում էին, ուրիշներն էին հայտնվում նրանց փոխարեն, գնում էին դատարաններ և պայքարում էին սահմանափակումների և օրենքների դեմ: Մեր դիմակայությունը տարիների աշխատանք էր: Բայց ես ավելի արտոնյալ էի, քանի որ սևամորթ լրագրողների գործն ավելի դժվար էր: Ես գոնե ինչ-որ ձևով պաշտպանված էի:  

Աղբյուրը՝ https://www.dailymaverick.co.za/article/2011-07-14-anton-harbers-diepsloot-a-slayer-of-township-stereotypes/#.WsNnOC5uaUn

-Որպես համախմբագիր «Ուիքլի Մեյլ»-ում, որն այժմ «Մեյլ ընդ Գարդիըն»-ն է, Դուք 1988 թվականին հետապնդման եք ենթարկվել մեկուսացման ռեժիմի (Apartheid) կողմից: Ինչպիսի՞ն էր իրավիճակն այն ժամանակ:

(Հարավային Աֆրիկայում 1948 թվականից հետո Ազգային կուսակցության իշխանության գալուց հետո հիմք դրեց ռասսայական խտրականության համակարգին, որը կոչվում էր apartheid. Այս համակարգում ոչ սպիտակամորթ աֆրիկացիները (բնակչության մեծամասնությունը) ստիպված էին ապրել սպիտակամորթներից  հեռու տարածքներում և օգտվել առանձնացված հարմարություններից, և այս երկու խմբի մարդկանց շփումները սահմանափակ էին: Չնայած  խիստ և հետևողական ընդդիմությանը այս համակարգի հանդեպ, այն գոյություն ունեցավ շուրջ 50 տարի: 1991 թվականին կառավարության նախագահ Ֆ.Ու. Քլերկը սկսեց ուժը կորցրած ճանաչել apartheid-ի հիմքերը համարվող օրենքների մեծ մասը,- խմբ.): 

-Մեկուսացման ժամանակ լրատվամիջոցները շատ սահմանափակումների ենթարկվեցին: Մեր գործունեության դեմ մի շարք օրենքներ կային, և մենք արտակարգ դրության իրավիճակում էինք ապրում հատկապես մեկուսացման վերջին տարիներին: Միշտ գտնվում էին քաղաքական ուժեր, որոնք ձերբակալում էին թեկնածուներին և լրագրողներին, առգրավում էին պարբերականներն ու հետապնդում էին մեզ՝ արտակարգ դրության կանոնները խախտելու համար:

«Մեյլ ընդ Գարդիըն»-ը գործել է այն ժամանակ, երբ օրենքները շատ խիստ էին, և մենք փորձում էինք անել ամեն ինչ օրենքի սահմաններում՝ միաժամանակ գրեթե հասնելով օրենքի սահմագծին: Բայց մեր թերթը դեմ էր մեկուսացման ռեժիմին: Այդ պատճառով մեր պարբերականը հաճախ է առգրավվել, երբեմն մեր լրագրողներին ձերբակալում էին, և ես անձամբ բազում անգամներ հետապնդման զոհ եմ դարձել: Երբ Նելսոն Մանդելան դուրս եկավ բանտից, ես մոտ տասը գործի մեջ էի ներքաշված՝ մեղադրվելով պետական արտակարգ դրության կանոնները խախտելու համար:

(Նելսոն Մանդելան 1948 թվականին ակտիվորեն սկսում է զբաղվել քաղաքականությամբ և անդամակցում է ընդդիմադիր քաղաքական ուժին՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսին (ԱԱԿ): 1956 թվականին նա ձերբակալվում է՝ պետական դավաճանության մեղադրանքով, սակայն արադրացվում է և ազատ արձակվում 1961-ին: Այդ ժամանակ էլ նա ստանձնում է ԱԱԿ-ի զինված թևի ղեկավարումը: 1962 թվականին նորից ձերբակալվում է և կալանքի տակ է անցկացնում մինչև 1990 թվականը,-խմբ.): 

-Ինչպե՞ս էիք վերաբերվում տիրող իրավիճակին: Վախենո՞ւմ էիք Ձեր ընտանիքի համար:

Աղբյուրը՝ https://twitter.com/antonharber

-Ես գիտակցում էի, որ ամեն վայրկյան կարող էի ձերբակալվել: Նրանք նաև փակեցին թերթը: Ամեն ինչ մեծ ռիսկի տակ էր, և երբեմն նույնիսկ հակաօրինական գործողությունների պահեր էին լինում: Օրինակ, մեկ անգամ իմ գործընկերներից մեկի տունը հրկիզեցին, իսկ մի ուրիշ անգամ էլ ընկերոջս տան դռան վրա կրակահերթ էին բացել: Դա բավականին սարսափեցնող ժամանակահատված էր, որի ընթացքում աշխատելը չափազանց մեծ ռիսկի հետ էր կապված: Բայց, մյուս կողմից, մենք տեսնում էինք, որ դա ռեժիմի վերջն էր, և գիտակցում էինք, որ պետք է դիմանանք, մինչև ռեժիմը փլուզվի: Մի օր ես հաղորդագրություն ստացա այն մասին, որ Մանդելան դուրս է գալիս բանտից և որ մենք կարող ենք անել այն ամենը, ինչ ուզում ենք:

-Ինչպիսի՞ն էին ժողովրդավարության առաջին տարիներն այդտեղ:

-Անկասկած, մենք շատ ազատ էինք: Առաջին տարիներին ամեն ինչ հիասքանչ էր, քանի որ ոչ մի օրենք չկար և մենք կարող էինք գործել այնպես, ինչպես ցանկանում էինք: Բայց մենք իրապես ստիպված էինք նորից սովորել լրագրությունը: Մենք որոշակի տիպի լրագրության էինք սովոր՝ գրաքննության ներքո աշխատելիս: Եվ, թերևս, երբ երկիրը ժողովրդավարության է անցնում, դու պետք է նոր կանոններ և նոր ձևաչափի լրագրություն ուսումնասիրես, որը, փաստորեն, լրագրության ավանդական ձևն է: Երբ ի հայտ է գալիս նոր մոտեցում  դեպի օրենքը, ենթադրում եմ, պետք է սովորել հարգել այն և աշխատել այդ օրենքի շրջանակներում, ինչպես հիմա ենք անում ժողովրդավարական համակարգում:

-Ինչ վերաբերում է լրագրողներին կրթելուն, որո՞նք են այն հիմնական դասերը, որ տվել եք նրանց, և ի՞նչ կարողություններ եք փոխանցել նրանց:

-Մենք ստիպված էինք կրթել երիտասարդ լրագրողներին, քանի որ մեկուսացման ռեժիմի ներքո սևամորթի համար լրագրող դառնալը շատ բարդ էր: Այդպիսով, հովանավորների օգնությամբ մենք այստեղ բերեցինք երիտասարդ սևամորթներ, ովքեր ցանկանում էին լրագրող դառնալ, և սովորեցրինք նրանց: Հիմնականում փնտրում էինք նրանց, ովքեր անկախ մտածողություն ունեին: Մենք իրոք զգում էինք թե՛ ռեժիմից առաջ, թե՛ հետո, որ դա ամենակարևոր բանն էր մեզ համար, այն է՝ գտնել մարդկանց, ովքեր կարող են մտածել և գործել անկախորեն: Այնուամենայնիվ, շատ երիտասարդ սևամորթներ խնդիր ունեին: Նրանք ռեժիմի տարիներին սերտ կապվել էին ԱԱԿ-ին (Աֆրիկյան Ազգային Կոնգրես): Բայց մենք իրոք խիզախեցինք սովորեցնել նրանց գործել որպես անկախ լրագրողներ, և հենց ԱԱԿ-ը եկավ իշխանության գլուխ, հնարավորություն տվեցինք նրանց գրել դրա մասին և քննադատել վերջինիս  գործունեությունը:

-Դրանից հետո ինչպե՞ս փոխվեցին հարաբերությունները ԱԱԿ-ի հետ:

-Դա շատ բարդ էր՝ հաշվի առնելով այն, որ անցյալում մեր հարաբերությունները ԱԱԿ-ի հետ լավ էին: Երբ նրանք եկան իշխանության գլուխ և մենք սկսեցինք նրանց քննադատել, նրանք մեր կյանքը սկսեցին բարդացնել. նրանք մերոնց ասել էին. «Կարծում էինք, որ մենք ընկերներ ենք»: Մեր պատասխանն այսպիսին էր. «Գուցե մենք ընկերներ ենք, բայց մենք նաև լրագրողներ ենք, և եթե ուզում ենք ճշմարիտ և օգտակար լրագրություն անել, պետք է անկախ գործենք»: Իրապես, այդ անկախությունը վճռորոշ էր վերջին մի քանի տարիներին կառավարությունում կոռուպցիայի բացահայտման առումով:

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը իրավաբանների և լրագրողների միջև Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

-Մեկուսացման ռեժիմի ներքո մենք շատ ճիշտ ձևով էինք աշխատում մեր ղեկավարած պարբերականներում՝ այսպես կոչված «այլընտրանքային պարբերականներում». մենք իրավաբաններին այլ տիպի աշխատանք էինք առաջարկում: Մեծամասամբ տեղեկատվական աղբյուրները իրավաբանների հետ համագործակցում էին՝ իմանալու համար, թե ինչն է օրինական, ինչը՝ ոչ: Մենք լրիվ այլ բան էինք անում. ասում էինք նրանց, որ մեզ պետք է, որ նրանք մեզ օգնեն գտնել եղանակներ՝ գործելու այնպես, ինչպես մենք ուզում էինք, որ նրանք հուշեն մեզ՝ ինչպես ձեռք բերել տեղեկություն՝ առանց անախորժությունների մեջ ընկնելու: Անկասկած, դա տվեց մեզ այլ վերաբերմունք իրավաբանների նկատմամբ: Եվ մենք բացահայտեցինք, որ եթե մինչև պատմությանդ ավարտը համագործակցում ես իրավաբանների հետ, ապա կարող ես շատ աշխատել՝ լինելով ապահով:

-Կարո՞ղ եք նրանց միջև համագործակցության օրինակներ բերել:

-Ներկայումս մի համալսարանական ծրագիր ենք ղեկավարում, որ կոչվում է «Արդարադատության նախագիծ», որում ներառված են իրավաբաններ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի լրագրող: Նրանք միասին են աշխատում՝ բացահայտելու մեր արդարադատության համակարգի խնդիրները, և խնդիրների լուծմամբ են զբաղվում՝ համագործակցելով լրատվամիջոցների և դատարանների հետ: Հասկացել ենք, որ միասին աշխատելու ընքացքում լրագրողները ոչ թե ուղղակի հոդվածներ են գրում, այլ հաճախ գործը պատրաստում են և տանում դատարան. լրագրողներն օգտագործում են իրենց հետաքննական կարողությունները, իսկ իրավաբանները՝ իրավական հմտությունները և արդյունքում ստացվում է գերազանց համակցություն:

Աղբյուրը՝ https://witsjusticeproject.wordpress.com/page/3/

-Կա՞ ինչ-որ մեխանիզմ, որի միջոցով լրագրողներն ու իրավաբանները կարող են միասին աշխատելով տեղեկություն ստանել կառավարությունից:

-Մեզ մոտ գործում է այսպես կոչված Տեղեկատվության հասանելիության խթանման ակտը: Այն իրավունք է տալիս ստանալ ցանկացած տեղեկություն, որը գաղտնի է պահվում պետության կողմից: Բայց այն հաջողված կամ արդյունավետ չէ, քանի որ ոչ մի տուգանք չկա այն դեպքում, եթե պետությունը հրաժարվում է տեղեկությունը տրամադրել:ա

-Վերջում, ի՞նչ ընթացիկ մարտահրավերներ են ծառացած Հարավաֆրիկյան Հանրապետության հետաքննական լրագրության առջև:

-Մեծ խնդիրներից է Պետական անվտանգության գործակալությունը (ՊԱԳ), որը հաճախ ապօրինի կերպով ճնշում է գործադրում լրագրողների և իրավաբանների վրա: ՊԱԳ-ի աշխատակիցները երբեմն հետապնդում են լրագրողներին և ոտնահարում են նրանց իրավունքները: Կառավարությունը փորձում էր «Գաղտնիության մասին» նոր օրենք մտցնել, որը շատ ավելի կբարդացներ հետաքննական լրագրության նյութերի հրապարակումը: Բայց նրանց դա չհաջողվեց, քանի որ քաղաքացիական հասարակության խիստ դիմադրությանը բախվեցին: Օրենքն ընդունվել է պառլամենտի կողմից երկու տարի առաջ, բայց այդպես էլ ուժի մեջ չմտավ:  

Հարցազրույցը՝ Խոսե Նիկոլաս Դոմինգեսի
Թարգմանեց Շաքե Մարգարյանը
Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել