Եթե որևէ տեղեկություն եմ տարածում, ապա դրա համար ամուր հիմքեր կան. Արման Թաթոյան

Օբյեկտիվ գնահատականներ տալ և չվնասել․ իր աշխատանքային սկզբունքն է համարում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Իրավաբան.net-ը նրա հետ զրուցել է խոցելի խմբերին պատկանող մարդկանց իրավունքի պաշտպանության, ինչպեսև վերջին շրջւանում հասարակության կողմից լայնորեն քննարկվող հարցերի շուրջ։

-Պարո՛ն Թաթոյան, ինչպես գիտենք,  նոր կառավարության ձևավորումից հետո Դուք կկարողանաք մասնակցել կաառավարության նիստերին միայն վարչապետի հրավերով: Հնարավո՞ր է, որ այս նոր դրույթը որևէ  կերպ խոչընդոտի Ձեր աշխատանքային գործունեության լիակատար իրականացմանը:

-Չեմ կարծում, թե սա որևէ կերպ կխոչընդոտի Պաշտպանի աշխատանքների իրականացմանը: Ընդ որում, կառավարության նիստերին մշտապես ներկա չլինելը միայն այս  պաշտոնին չէ որ վերաբերում է: Ի դեպ, նշեմ, որ Պաշտպանի լիազորությունները մեծացել են կապված Սահմանադրական դատարան դիմելու հետ: Մենք կշարունակենք կատարել մեր գործը, ինտենսիվ այցեր իրականացնել, զեկույցներ պատրաստել, որտեղ անհրաժեշտության դեպքում նաև կոշտ գնահատականներ կտրվեն: Ինչպես նախկինում ենք համագործակցել մի շարք գերատեսչությունների հետ, այդպես էլ հիմա կանենք:

-Ինչպես Դուք էլ նշեցիք, մշտապես համագործակցում եք տարբեր գերատեսչությունների հետ: Եղած արձագանքները բավարարու՞մ են Ձեզ:

-Իհարկե, զգում եմ արձագանքը, որ կա իրենցից: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այնպիսինն է, որ չեն կարող ներկայացված զեկույցները լուրջ չընկալվել: Բնականաբար, գործադիր մարմինը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան, բայց մենք տեսնում ենք դրանք և մատնանշում ենք: Ես ինքս էլ աշխատել եմ տարբեր գերատեսչություններում և  լավ պատկերացնում եմ այդ ամենը: Բոլոր հարցերը չէ, որ կարող են միանգամից կարգավորվել: Դրանցից շատերի լուծումը շարունակական աշխատանք է պահանջում և տևական գործընթաց է ենթադրում:

Պաշտպանի կողմից 2017 թվականին զեկույց հրապարակվեց  «ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Կմեկնաբանե՞ք, թե ինչու է այս թեման արդիական:

-Փախստականները, բնականաբար, խոցելի խմբում են գտնվում, ուստի հարկ համարեցինք առանձին զեկույցով անդրադարձ կատարել նրանց  խնդիրներին: Զեկույցում մասնավորապես խոսվում է այն խնդիրների մասին, որ ունենում են ազատազրկված փախստականները: Օրինակ, լեզվին չտիրապետելը կարող է դժվարություններ ստեղծել նրանց  համար:

-Ի դեպ, խոսելով ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց իրավունքներից, չենք կարող չնշել 2017 թվականի  արտահերթ զեկույցը «ՔԿՀ- ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյա»: Ինչպե՞ս պարզ դարձավ, որ այդ խնդիրը հրատապ է և առանձին վերլուծության կարիք ունի:

-Այս խնդրի հետ կապված շատ էին բողոքները: Երբ ուսումնասիրեցինք դրանք, հասկացանք, որ առանձին վերլուծության կարիք կա: Սա այն խնդիրներից է, որի լուծումը շարունակական գործընթաց է ենթադրում, բայց կան նաև դրական տեղաշարժեր: Օրինակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մի շարք մշակութային միջոցառումներ են կազմակերպվում: Ես հասկանում եմ, որ սա ռիսկային գոտի է, բայց  ազատազրկման վայրում մարդը ոչ թե պետք է խոշտանգվի, այլ հակառակը՝ պետք է պայմաններ ստեղծվեն, որ նրանք կարողանան հնարավորինս լավ վիճակով դուրս գալ այդտեղից: Ինչպես գիտենք, այդ մարդիկ դուրս գալուց հետո նույնպես խնդիրներ են ունենում, օրինակ՝ աշխատանք գտնելու հետ կապված:

– Զեկույցում անդրադարձ կա նաև բժշկական գաղտնիքի ապահովման խնդրին: Ինչու՞  է թիրախավորվել նաև այս հարցը:

-Մարդու իրավունքների պաշտպանի համար խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատելիս հիմնարար է չվնասելու սկզբունքը: Իսկ երբ խախտվում է բժշկական գաղտնիքը, սա, բնականաբար, կարող է վնասել տվյալ անձին:  Հիմնական հարցերից մեկը, որ պետք է կարգավորվի, այն է, որ երբ մարդը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, ապա բժիշկը նրան պետք է վերաբերվի ոչ թե որպես դատապարտյալի, այլ որպես սովորական հիվանդի, և հակառակը՝ դատապարտյալը պետք է բժշկին վերաբերվի որպես բժիշկի, այլ ոչ քրեակատարողական հիմնարկի աշխատողի:  Ընդ որում, դատապարտյալի հիվանդության, ինչպես նաև այն մասին, թե ինչ դեղեր է ընդունում դատապարտյալը և ինչ չափաքանակով, պետք է իմանան միայն բժիշկը և հիվանդը: Անթույլատրելի է նաև, երբ քրեակատարողական ծառայողի միջոցով է փոխանցվում դեղամիջոցը:

-«Նուբարաշեն» ՔԿՀ-ին  դեռ նախորդ տարի առաջին հարկի բոլոր խցերը փակելու առաջարկ էիք  արել: Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ մի մասն է փակված: Այժմ ինչպիսի՞ վիճակ է այնտեղ,  բավարարվե՞լ է արդյոք Ձեր առաջարկը:

– «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն, իհարկե, բարվոք վիճակում չէ,  և լավ կլիներ, որ փակվեին առաջին հարկի բոլոր խցերը: Այնտեղ վերանորոգում անելը ևս իմաստ չունի, քանի որ որոշ ժամանակ հետո նույն վիճակը կլինի: Ինչպես նշեցիք,  մի մասը փակված է, մնացած մասի հետ կապված աշխատանքներ են կատարվում:

-Նույն հարցի հետ կապված դիմել էիք նաև առողջապահության նախարարություն: Ստացել էիք ընդհանրական պատասխաններ, իսկ հոգեբուժարանից ստացված պատասխանի մեջ նշված էր եղել, որ ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Դուք դարձյա՞լ դիմեցիք առողջապահության նախարարություն: Նրանք համոզվեցի՞ն, որ ներկայացված տեղեկատվությունը հավաստի է, թե՞ հարցը բաց մնաց:

-Ես այն ժամանակ էլ էի ասել և հիմա էլ կցանկանամ նշել, որ երբ ես որևէ տեղեկություն եմ տարածում, ապա դրա համար ամուր հիմքեր կան, դրանք հավաստի փաստեր են և անհիմն է ասելը, թե իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե, մենք նորից դիմել ենք առողջապահության նախարարություն և պարզաբանել ենք այդ իրավիճակը:

-Հայաստանում իրավունքների խախտման տեսանկյունից խոցելի խումբ են նաև հաշմանդամություն ունեցողները: Դեռ նախորդ տարի Ձեր հարցազրույցներից մեկում  նշել էիք, որ զարգացվելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը: Ի՞նչ արդյունքներ կան այս ոլորտի հետ կապված:

-Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը մեր աշխատանքի  գերակա ուղղություններից է: Մենք զեկույցների մեջ պարբերաբար անդրադառնում ենք նրանց խնդիրներին, բացի դրանից այցելում ենք տարբեր կենտրոններ, որտեղ գտնվում են, օրինակ, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Վերջերս նման դպրոցներից մեկի տնօրենը առաջարկեց  անվանումների հետ կապված փոփոխություններ կատարել: Դրանք, օրինակ, կոչվում են մտավոր հետամնացների դպրոցներ: Մենք բավարար ուշադրություն չէինք դարձրել այս հարցին, բայց այժմ նաև այդ խնդրով ենք զբաղվելու:

-Քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքերից հետո, Դուք դիմել եք գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Քրեական վարույթից ի՞նչ սպասելիքներ  ունեք:

-Այս դեպքում կարևորն այն էր, որ արագ արձագանք եղավ մեր կողմից: Մնում է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կունենա քրեական վարույթը: Կանխավ որևէ բան չէի ցանկանա ասել:

Հարցազրույցը՝ Սոնա Վարդանյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել