Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։
Այսօրվա դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը. «Նախ ուզում եմ մի փոքր խոսել Աննա Միսակյանի մասին: Խնդրում եմ Աննա Միսակյանին կրկին հրավիրել դատարան, քանի որ չկարողացա իրեն այն ժամանակ բոլոր հարցերը տալ»,- ասաց նա:
Ամբաստնայալը որոշակի տեղեկություններ հայտնեց հանցագործության հետ կապված, մասնավորապես ասաց, որ նա Անի Մաջնունյանի բնակարան է այցելել երեկոյան մոտավորապես ժամը 22-00-ի կողմերը և հեռացել մոտավորապես գիշերվա ժամը 03։00-ի սահմաններում. «Հայտնաբերվել է մարմնի վրա ձեռքի հետք, որն իմ ձեռքի հետքը չէ»,- նշեց Մուշեղ Մխիթարյանը:
Դիակի փորձաքննության ժամի մասին խոսելով Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ այն հայնտաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին, սակայն մահվան ժամը հայտնաբերելու համար որևէ փորձաքննություն չի կատարվել:
Մուշեղ Մխիթարյանը պնդում էր, որ Անի Մաջնունյանի բնակարանից փաստացի ոչինչ չի կորել և չի հայտնաբերվել որևէ իր նաև իր իսկ բնակարանից. «Տուժող կողմը, որ ինձնից գումարներ է պահանջում, ասեմ, որ ես այդ գումարների հետ որևէ կապ չունեմ: Ես ոչինչ այդ տնից չեմ վերցրել և շահադիտական սպանություն չեմ կատարել»:
Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը նշեց, որ ուղեղը գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Նշեց նաև, որ նախկինում այդպիսի խնդիր չի ունեցել, իսկ խոսքի վերջում դատարանից խնդրեց ճանաչել իր անմեղությունը:
Պաշտպան Մարինե Ֆարմանյանը դատարանին ներկայացրեց Մուշեղ Մխիթարյանի բնութագիրը, որը գրել ու ստորագրել էին ՀՀ Ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Ցոլակ Գալստյանը, Արմեն Եփրեմյանը: Բնութագրով նրանք դատարանին հայտնում էին, որ Մուշեղ Մխիթարյանն ընկերասեր է, աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և բնութագրվում է որպես դրական անձնավորություն:
Տուժողի (Անի Մաջնունյանի) մայրը՝ Լորետա Գոլմիյանը, դատարանին հայտնեց, որ Մուշեղ Մխիթարյանի այն հայտարարությունը, թե նա Անիի տնից գնացել է գիշերվա ժամը 03։00-ին, սուտ է, քանի որ գիշերվա ժամը 03։00-ին Անին արդեն մահացած է եղել. «Քո բոլոր խոսքերին ես պատասխան ունեմ: Ոչ էլ հերքի: Դու մեղավոր ես ու դու ես սպանել իմ երեխային: Դու մոլագար մարդասպան ես…ոչ թե մարդասպան, այլ մոլագար մարդասպան: Դու պետք է ցմահ դատապարտվես…ցմահ, եթե ոչ, ապա ես աշխարհով մեկ…,- մայրը ժամանակ առ ժամանակ ընդհատում էր ձայնը՝ հուզմունքից ելնելով,- հիմա ինձ զանգում են աշխարհի տարբեր երկրներից…ես քեզ ցմահ պիտի դատապարտեմ», – նշեց Լորետա Գոլմիյանը:
Դատարանը վերջին խոսքի հնարավորություն տրվեց Մուշեղ Մխիթարյանին. «Ես դատարանից ակնկալում եմ, որ դատարանը ճանաչի իմ անմեղությունը: Խնդրում եմ հաշվի առնել իմ դիրքորոշումը և արդարացնել»,- ասաց նա:
Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և դուրս կգա 2018 թվականի մարտի 5-ին, ժամը 12։00-ին՝ հրապարակելու դատավճիռը:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net