«Որևէ մեկին չեմ դրդել, չեմ օժանդակել». կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբանը՝ դատարանին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի, կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի և կաշառքը ընդունելու մեջ մեղադրվող ավագ քննիչ Միքայել Զադոյանի վերաբերյալ գործի քննությունը:

Նշենք նաև, որ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին ևս մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ), սակայն գործով նրա մասն անջատվել է և դեռևս նախաքննություն է ընթանում:

Դատական նիստի սկզբում Միքայել Զադոյանի պաշտպաններ՝ փաստաբան Հրանտ Անանյանը և Սիմոն Ամիրխանյանը միջնորդեցին, որպեսզի նրանց պաշտպանյալի դեմ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվի և նա 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվի: Դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, միջնորդության քննարկումը թողեց դատական նիստի վերջում:

Դատարանը նաև կանոնակարգեց գործի քննության ընթացքը: Սկզբում կհարցաքննվեն վկաները, այնուհետև կուսումնասիրվեն գործով ապացույցները, իսկ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ մեկ այլ գործի շրջանակներում որպես մեղադրյալ անցնող Սոս Գասպարյանի հայրը՝ Բաբկեն Գասպարյանը, այցելել է քննչական բաժին, հանդիպել է բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և կաշառք է առաջարկել նրան՝ իր որդու գործին  դրական  ընթացք տալու համար: Ավագ քննիչ Զադոյանն էլ համաձայնվել է:

Ենթադրվում է, որ Զադոյանը կաշառքը ընդունելու առաջարկը քննարկել է իր վերադասի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ: Գայանե Գալոյանը, ով եղել է Սոս Գասպարյանի փաստաբանը,  մեղադրվում է կաշառք տալու միջնորդության համար:

Բաբկեն Գասպարյանը դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, գործով մյուս ամբաստանյալները՝ ոչ:

«Որևէ մեկին չեմ դրդել, չեմ օժանդակել: Եվ ինձ անհասկանալի է, թե ինչո՞ւմ է կայացել իմ օժանդակումը»,- նշեց Գայանե Գալոյանը: 

Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանին էլ անհասկանելի էր, թե ինչպե՞ս է մեղադրող կողմը որոշել, որ Միքայել Զադոյանը համաձայնել է կաշառքը վերցնել, ինչո՞ւմ է դրսևորվել նրա համաձայնությունը. «Դատախազը ոչ մի ապացույց չբերեց այն բանի, որ իմ պաշտպանյալը համաձայնել է կաշառք վերցնել»։

Նիստի ժամանակ հարցաքննվեց նաև գործով վկա Էդուարդ Սիրականյանը, ով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետն է։

Նրա խոսքով՝ գործի հանգամանքները քննարկվել են իր աշխատասենյակում՝ իր տեղակալի և գործով քննիչի մասնակցությամբ, սակայն նրանց կողմից կողմանակալ վերաբերմունք գործի նկատմամբ չի նկատվել:

«Առանձնապես ծանր գործերը միշտ էլ առանձին քննարկվել են իմ աշխատասենյակում՝ տեղակալի և քննող քննիչի բանավոր ներկայացմամբ: Եթե գործում որևէ հանգամանք ինձ պարզ չի լինում, ապա գործը ուսումնասիրվում է իմ կողմից: Ինձ ներկայացվել է նաև գործով փաստաբանի՝ Գայանե Գալոյանի ներկայացված միջնորդությունները, որից մեկը վերաբերում էր նրան, որ գործը քննող քննիչը ձգձգում է քննությունը»,-նշեց Էդուարդ Սիրականյանը:

Նշենք, որ վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում, որը տեղի կունենա փետրվարի 16-ին: Իսկ Միքայել Զադոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք (1 միլոն 4000 հազար դրամ կամ 3000 ԱՄՆ դոլար):

Ըստ այդմ՝ փաստաբան Գայանե Գալոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ  նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:

Ավագ քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել