ՔՀԿ ներկայացուցիչների երկրորդ խումբը ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրերը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 15 ներկայացուցիչներ՝ 7 մարզերից, այսօր հավասատագրեր ստացան` Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային նոր ծրագիրն ավարտելու վերաբերյալ։

Կրթական դասընթացներն իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության կարողությունների զարգացումն ու հմտություններ ձեռք բերելն է՝ արդյունավետ երկխոսություն սկսելու կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Դասընթացի մասնակից «Լոռեցիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Մետաքյա Դավթյանը նշում է, որ դասընթացն արդյունավետ է եղել իր համար և խորացված ծանոթացել են այնպիսի կետերի, ինչպիսիք են հանրային քաղաքականության մշակումը, բյուջեի մոնիթորինգի գործիքակազմը, կոալիցիաների տեսակներն ու դրանց կառավարման հմտությունները և այլն։

«Կազմակերպության գործունեության ընթացքում հաստատ կիրառելու ենք, որովհետև դասընթացին մասնակցությունը կարիքից էր գալիս, այսինքն, մենք ունեինք այս գիտելիքների կարիքը, հատկապես հանրային քաղաքականությունների մշակման և բյուջեի մոնիթորինգի հարցում և քանի որ այս պահին ունենք նաև ռազմավարական ուղիների փոփոխություն և այդ ուղղությունները մեզ համար դարձել են գերակա, առաջիկայում հենց այդտեղ էլ օգտագործելու ենք ստացված գիտելիքները»,-նշեց Մետաքսյա Դավթյանը։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքից Արման Մարուխյանը, ով «Նոր Բայազետի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամի» տնօրենն է, հայտնեց այն մասին, որ դասընթացները մեծ ազդեցություն կունենան իրենց կազմակերպության հետագա գործունեության համար։ «Դասընթացը մեզ գիտելիքներ տվեց՝ կոալիցիաներ կազմելու և այդպիսով ավելի ազդեցիկ լինել հանրային քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման հարցում»,-նշեց ՔՀԿ-ների  կրթական ծրագրի շրջանավարտը։

Հավելենք, որ կրթական ծրագրին կմասնակցեն շուրջ 120 ՔՀԿ ներկայացուցիչ՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել