Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև:
Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում,
*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում,
*հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմիների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացում,
*քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում,
*կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում,
*հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցության զարգացում, այդ թվում` միջազգային փորձի համեմատական վերլուծություների իրականացման և այլ փորձագիտական աջակցության տեսքով,
*կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում: