ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում անցկացվեց ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացանք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Քննարկման էր ներկայացված 20 հայտ: Դիտարկվել է ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերի քննարկման արդյունքում տրվեց դրական եզրակացություն:
Հարկային արտոնություններով նախատեսվում է այդ ընկերություններին ազատել շահութահարկից և օգտվել եկամտահարկի 10% դրույքաչափից:
Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ն է:
Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամսվա ընթացքում: