Երբ սկսեցին «հսկիչ գները» քիչ կիրառել, կոռուպցիան աստիճանաբար նվազեց

Լիլիթ Մուսեյանն իր սեփականության իրավունքը խախտվելու հիմքով դիմել է Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի։ Եվրադատարանն այս գանգատն արդեն իսկ կոմունիկացրել է  և գործի վերաբերյալ հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը։ Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչները իրավաբաններ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանն են։

Լիլիթ Մուսեյանը 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ից ավտոմեքենա է գնել 14 800 դոլարով, որը բերվել է Հայաստան։ Մեքենատանը ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը, որպեսզի մաքսազերծումը կատարվի գործարքի գնի մեթոդով։ Սակայն մաքսային աշխատակիցները չեն ընդունում, որ մեքենան գնվել է 14 800 դոլարով և որոշվում են մաքսազերծել այն այսպես կոչված «հսկիչ գնի» մեթոդով և մեքենան գնահատում են 17 020  դոլար։ Հետևաբար, մաքսազերծումն էլ կատարվում է ավելի բարձր գնով։

Գործարքի գինն այն գումարն է, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի մաքսային սահմանը տեղափոխելու համար: 

«Սահմանվել են հսկիչ գին 17 020 դոլար և չեն հիմնավորում, թե ինչու են այդպես սահմանում, ասում են՝ այս մեքենաները այսպես ենք անում։ Ինչ է ստացվում, որ քաղաքացիները ներկայացնում են պայմանագիր, մաքսավորն ասում է՝ չեմ հավատում, և չի ասում, թե ինչու չի հավատում։ Ավելի մեծ մաքսատուրք է գանձվում, քան կգանձվեր, եթե հավատար քաղաքացուն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

2015-ի հոկտեմբերին (վերոնշյալ դեպքից 5 տարի անց) մեկ այլ քաղաքացի՝ Վահե Առաքելյանը միջազգային աճուրդային կայքի միջոցով ձեռք է բերում Mercedes Benz S500 մակնիշի ավտոմեքենա, մաքսատանը մերժում են մեքենան մաքսազերծել գործարքի գնի մեթոդով։ Վերադասության կարգով բողոքարկելուց և մերժվելուց հետո դիմում են դատարան։  Գործի նյութերում կարդում ենք․ «․․․Վահե Առաքելյանը ներկայացրել է BBG (F2) 17.02.08 և  BBG (FF) 17.49.40 մեքենայի ձեռքբերման  և տեղափոխման համար կնքված հաշիվ ապրանքագրերը, հետևաբար, մաքսային ձևակերպումը գործարքի գնի մեթոդով կատարելու անհնարինություն առկա չի եղել»։

Վահե Առաքելյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Սուքիասյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ վարչական դատարանը բավարարել է իրենց ներկայացրած հայցը և պարտավորեցրել է մաքսազերծումն իրականացրել գործաքրի գնի մեթոդով։ Այնուհետև պետեկամուտների կոմիտեն  վճիռը բողոքարկել է վերադաս ատյանում, սակայն վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ։

Փաստաբանը նշում է, որ մաքսայինի կողմից մաքսազերծման մեթոդ ընտրված է եղել պահուստայինը, և դրա հետևանքով մեքենայի սեփականատերը շուրջ 3000 դոլար ավելի շատ պետք է վճարեր։

«Վճիռն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ։ Շուրջ երկու տարի տևեց այս ամենը և այժմ այլ խնդիրներ են առաջացել։ Մեքենան  թանկարժեք է,  ունի որոշակի առանձնահատկություններ և շուրջ 2 տարի մաքսային տարածքում կանգնած լինելու հետևանքով վնասներ է կրել՝  անվտանգության բարձիկների պիտանելիության ժամկետն այս ընթացքում սպառվել է, անիվների վերին մասում հատուկ բարձիկներ կան, որոնք փչացել են, և այլ խնդիրներ են առաջացել»,- Արթուր Սուքիասյանը նշում է, որ իր վստահորդը մեծահարուստ չէ, որ կարողացել է այդպիսի մեքենա գնել։ Պարզապես խնայողություններ է ունեցել և միջազգային աճուրդներում կարողացել է մատչելի գնով նման մեքենա ձեռքբերել։

Մաքսազերծման մեթոդները և կարգավորումները

Վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնվում է այն խնդիրը, որ հիմնականում ավտոմեքենաների դեպքում չի կիրառվում գործարքի գնի մեթոդը, ինչի հետևանքով ավելի մեծ գումարներ են նվճարվում մաքսազերծման գործընթացում։

ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գոյություն ունեն մաքսային արժեքի որոշման 6 մեթոդ․

  1. մաքuային արժեքի որոշումն` ըստ գործարքի գնի մեթոդի,
  2. մաքuային արժեքի որոշումն` ըuտ նույն ապրանքների գործարքի գնի,
  3. մաքuային արժեքի որոշումն` ըuտ համանման ապրանքների գործարքի գնի,
  4. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշում,
  5. մաքսային արժեքի որոշումն` ըuտ հաշվարկային արժեքի,
  6. մաքuային արժեքի որոշման պահուuտային մեթոդ:

Փաստաբան Դավիթ Ասատրյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո, երբ  սկսվեց կիրառվել  Մաքսային միության մաքսային օրենսգրքի դրույթները, ֆիզիկական անձանց համար մաքսազերծման մեթոդները վերացան։ Եվ ֆիզիկական անձանց կողմից ներկրման դեպքում հարցը կարգավորվում է այդ օրենսգրքի 361-րդ հոդվածով․

«Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը չունի այդ ապրանքների արժեքի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ եթե կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն արժանահավատ չեն, մաքսային մարմնի պաշտոնատար անձը սահմանում է ապրանքների մաքսային արժեքը՝ մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների մասին գնային տեղեկությունների հիման վրա, այդ թվում՝ նույնանման ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող օտարերկրյա ընկերությունների կատալոգներում նշված տվյալների հիման վրա»։

Իրավաբան.net-ին ՊԵԿ-ից տրամադրված տվյալների համաձայն՝ վերջին 7 տարիների ընթացքում հետևյալ մեթոդներով են մաքսազերծվել Հայաստան ներկրված մարտատար ավտոմեքենաները․

Մաքսազերծման մեթոդներից, ըստ էության, միայն գործարքի գնի մեթոդն է որոշվում հայտարարատուի կողմից: Միաժամանակ մաքսային օրենսգրքով սահմանվում է, որ մաքսային մարմինները իրավունք ունեն ներկայացված փաստաթղթերի անարժանահավատ լինելու դեպքում չընդունել այս մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը` որպես հիմք մաքսային վճարներ հաշվարկելիս, որի դեպքում կիրառվում են մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները` ըստ վերոնշյալ հերթականության:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մաքսային մարմինները մարտադար ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում  հաճախ են անարժանահավատ համարում քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը․
«Որպես կանոն մաքսավորը պետք է հավատա քաղաքացուն, դա վարչարարության կանոնն է։ Երբ նա չի հավատում, այդ ժամանակ պետք է կիրառի հսկիչ գինը։ Իսկ դա պետք է լինի բացառիկ դեպքերում։ Հիմա այս դեպքում, ինչպես շատ այլ ոլորտներում, բացառությունը դարձել է կանոն»,- մեզ հետ զրույցում նշում է Արա Ղազարյանը։

Նա նշում է, որ պետության կողմից նման մոտեցումներն էականորեն ազդում են շուկայում գործող գների, ինչպեսև ակտիվության վրա։ Միևնույն ժամանակ, ֆինանսական և նյութապես կարող է տուժել մեքենա ներկրող քաղաքացին, ինչպես Վահե Առաքելյանը։ Նրա փաստաբանը նշում է, որ դատական քաշքշուքների պատճառով մեքենան անշարժ մնալու հետևանքով  տեխնիկական խնդիրներ է ունեցել, միևնույն ժամանակ, չօգտագործվելու հետևանքով սեփականատերը չի կարողացել ստանալ դրա շահագործման դեպքում նախատեսված օգուտը (օրինակ, կարող էր վարձույթով տրամադրել այն և եկամուտ ստանալ)։

Իրավիճակի փոփոխություն

Դեռևս կանխատեսելի չէ, թե պրակտիկայում ինչ փոփոխություններ կլինեն, եթե Եվրադատարանը ճանաչի Լիլիթ Մուսեյանի իրավունքի խախտումը։ Սակայն արդեն իսկ նկատելի է, որ այս ուղղությամբ դրական տեղաշարժեր կան։ Եթե 2011-2012 թվականներին դատական ատյանները մերժում էին նման հայցերը, ապա 2016-2017 թվականներին՝ այլևս ոչ։

Իսկ ՊԵԿ աշխատելաոճում դրական փոփոխությունները նկատել է փաստաբան Դավիթ Ասատրյանը։  Իրավաբան.net-ին պատմեց, որ ինքն էլ 2016 թվականին ավտոմեքենա է ներկրել և իր դեպքում նույնպես մերժել են մաքսազերծումը կատարել գործարքի գնի մեթոդով․ «Ես սկսեցի բողոքարկումները։ Իրենք ասում էին, թե՝ ոչ, հսկիչ գումարը պետք է  վճարեք։  Ես ասում էի չպետք է բոլորին նույն չափանիշով չափել։ Նույն հսկիչ գինը կիրառել բոլորի դեպքում սխալ է»։

Բողոքարկումների արդյունքում Դավիթ Ասատրյանը կարողացել է հաջողության հասնել և բանը չի հասել դատարն դիմելուն․ «Իմ մեքենան, երբ ես ներկրել եմ, մաքսազերծման գումարը եղել է շուրջ 650 հազար դրամ, ես մաքսազերծել եմ 400 հազար դրամի սահմանում, այսինքն մոտ 30-40 տոկոսի տարբերություն է լինում։ Բայց լինում են դեպքեր, երբ տարբերությունն ավելի մեծ է լինում»։

ՊԵԿ-ում այս հարցերի շուրջ քննարկումներին Դավիթ Ասատրյանը հրավիրվել է նաև որպես փաստաբան և մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնց մի մասն այսօր իրականություն են․ ներկայումս մաքսավորները առավել հիմնավորված են ընտրում մաքսազերծման մեթոդը, նաև միջազգային կատալոգների տվյալներն են ուսումնասիրում դրա համար․ «Վերջերս ընկերոջս հետ գնացի ավտոմաքսատուն, իրենք մտան կայքերը, ուսումնասիրեցին, եզրակացություն կազմեցին, որ համաձայն են մեզ հետ»։

Դավիթ Ասատրյանը նշում է, որ այս դեպքում, երբ գործում է օրենքը, նվազում են նաև կոռուպցիոն ռիսկերն ու գործարքները․ «Երբ սկսեցին հսկիչ գները քիչ կիրառել, կոռուպցիան աստիճանաբար նվազեց, որովհետև ու՞մ է պետք գնալ կոռուպցիոն քայլի, եթե մաքսազերծման վճարն ինքնին քիչ է, օրինական ճանապարհով էլ կարող է անել»։

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել