Զինծառայողի մահվան և երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը եւ մահացել։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել