Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, շտապ օգնություն են կանչել և տեղփոխել հիվանդանոց:
«Մահվան պատճառների մասին ավելի մանրամասն տեղեկություն կստանանք դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։